3 հարց Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ « Հիմնարար ազատություններ » առարկայի դասախոս Լորան Էքին

16/09/2019

 

3 հարց... հարցազրույցների շարքը շարունակվում է իրավաբանական ֆակուլտետի դասախոս Լորան Էքի հետ:

 

1) Արդյոք գոյություն ունեն տարբերություններ  հայ և ֆրանսիացի ուսանողների՝ իրավունքի և ազատությունների վերաբերյալ պատկերացումների միջև :

 

Վաղուց դասավանդում եմ « Հիմնարար ազատություններ » առարկան ՀՖՀՀ-ում: Ճիշտ է, սկզբում զգացել եմ ֆրանսիացի և հայ ուսանողների միջև ազատությունների ընկալման մշակութային տարբերությունները, բայց դրանք կրճատվում են, անշուշտ, հիմնարար իրավունքների հանդեպ Հայաստանի բաց լինելու և հատկապես 2002 թվականից երկրի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վավերացման արդյունքում։ Հայաստանն աստիճանաբար իր համակարգը համապատասխանեցնում է Եվրոպական դատարանի դատական պրակտիկային։ Իրավական ոլորտի մի շարք նոր հասկացություններ Հայաստանում աստիճանաբար տարածում են ստանում, ինչպես էկոլոգիական իրավունքը, առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ Բայց կան նաև որոշ ոլորտներ, որոնց դեպքում տարածումն ու ընդունումն ավելի բարդ է, ինչպես անհատական տվյալների պաշտպանությունը, սեռական կամ այլ փոքրամասնությունների պաշտպանությունը։ Այնուամենայնիվ, նկատելի է, որ հիմնարար իրավունքի ստանդարտի վերաբերյալ ձևավորվում է որոշակի եվրոպական կոնսենսուս ։

 

2) Ի՞նչն է Ձեզ ամենից շատ հետաքրքրում Հայաստանում դասավանդման փորձի մեջ :

 

Հայաստանում դասավանդելու փորձիս մեջ ինձ ամենից շատ հետաքրքրում է հայկական իրավաբանական մշակույթի բացահայտումը , ինչպես նաև նոր մանկավարժական մեթոդների կիրառումը այն ուսանողների հետ, ում մայրենի լեզուն ֆրանսերենը չէ: Իհարկե, ուսանողներին առարկան մատչելի բացատրելը, հատկապես մշակութային և մանկավարժական պատկերացումներին համապատասխանելը  պահանջում է հարմարվողականություն : Հայ ուսանողների հետ աշխատելու մեջ ամենահետաքրքիրն իրավական համակարգերի համեմատությունն է. գոյություն ունեն իրավական հասկացություններ, որոնք  չեն գործում Ֆրանսիայում, բայց կան Հայաստանում և ընդհակառակը :  Այսպիսով, հետաքրքիր է տանել համեմատականներ համակարգերի միջև և դրանք քննարկել ուսանողների հետ, որոնց հետ աշխատելն իսկապես հաճելի է, և որոնք, ի տարբերություն ֆրանսիացի ուսանողների, ավելի ինտերակտիվ են և սիրում են քննարկել ։

 

3) Ի ՞նչ խորհուրդ կտայիք Ձեր ուսանողներին :

 

Ես նրանց կասեի, որ դասերը անգիր չսովորեն: Իրականում հայ ուսանողները  առարկան ռոբոտների պես սովորելու, քննությանն էլ դասախոսությունից մեջբերում անելու սովորություն ունեն : Լավ իրավաբանը նա չէ, ով մեջբերում է անում օրենքներից, քանի որ դրանք ցանկացած պահի կարող են փոխվել, մասնավորապես երբ խոսքը գնում է հարկային օրենսգրքի մասին : Ես նրանց խորհուրդ կտայի սովորել ավելի շատ մտածելով, որովհետև լավ իրավաբանը նա է, ով ունակ է մտածելու, տեղեկատվություն որոնելու, տրամաբանություն գտնելու։ Հենց դա ենք մենք սովորում նաև Méthodologie du mémoire (Ավարտական աշխատանքի մեթոդոլոգիա) առարկայի շրջանակներում մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում։ Այս դասընթացի նպատակն է ուսանողներին ցույց տալ, որ լավ հետազոտական աշխատանքը ոչ թե նկարագական է, այլ վերլուծական: Իմ առաջին խորհուրդը ուսանողներին դա իրավաբանական մտածելակերպի ձեռքբերումն է, ինչը, բնականաբար, ժամանակ է պահանջում։ Խորհուրդ կտամ նաև դադարեցնել դասախոսություններից մեջբերումներ անելը։