3 հարց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս Արամ Եսայանին

02/09/2019

Մենք շարունակում ենք "3 հարց․․․" հարցազրույցների շարքը։ Այս անգամ մեզ հետ զրուցել է կիրառական մաթեմատիկայի և վիճակագրության մեթոդների դասախոս, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Արամ Եսայանը։

 

1) Ըստ Ձեզ, ո՞րն է Ձեր մասնագիտության լավագույն կողմը:

 

Եթե նայենք մաթեմատիկային որպես մասնագիտություն, այն, կարելի է ասել, մարդու մեջ բնավորություն է ձևավորում. մարդն սկսում է ավելի ռացիոնալ մտածել, լինել ավելի հավասարակշռված, փորձել բազմաթիվ լուծումներից ընտրել լավագույնը: Գոյություն ունի առանձին առարկա «օպտիմիզացիայի մեթոդներ», որտեղ մենք ուզում ենք բոլոր հնարավոր լուծումներից գտնել օպտիմալը, որը շատ օգտակար է նաև կյանքում. օրինակ` օգնում է հասկանալ թե նախագիծն իրականացնելիս ինչպես դասավորենք աշխատանքները, ինչ հերթականությամբ, որպեսզի ժամանակին կամ հնարավորինս շուտ ավարտենք: Նույնիսկ եթե մասնագիտությունդ մաթեմատիկայի հետ կապ չունի, մաթեմատիկա իմանալը, վերլուծական մտածելակերպը  քեզ համար կարող է դառնալ գործիք, որն օգնում է տարբեր բարդ իրավիճակներում ճիշտ որոշում կայացնել :

 

2) Եթե կարողանայիք Ձեր ուսանողներին ինչ-որ էքսկուրսիայի տանել աշխարհում ցանկացած վայր և միգուցե դասն այնտեղ անցկացնել, ապա որտե՞ղ կգնայիք:

 

Կարող են տարբեր տեղեր լինել, ինչպիսիք են, օրինակ,  Եգիպտական բուրգերը, աշխարհի տարբեր երկրների մաթեմատիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտները, որտեղ աշխատել են Ալան Թյուրինգը, Ջոն Նեշը, Կոլմոգորովը և այլք: Այնուամենայնիվ կցանկանայի առանձնացնել  հայտնի փիլիսոփա Պլատոնի՝ Աթենքում ստեղծած ակադեմիան, որի  մուտքի մոտ նա գրել էր հետևյալը՝  «ով, որ երկրաչափություն չգիտի, թո՛ղ ներս չմտնի»: Եթե լիներ նման հնարավորություն, կցանկանայի հենց այդ տեղը տանել ուսանողներիս և անցկացնել մի հետաքրքիր երկրաչափության դաս: Կարծում եմ, որ հետաքրքիր կլիներ: Տեսե՛ք, թե փիլիսոփա լինելով հանդերձ՝ որքան է Պլատոնը կարևորել մարդու պատկերացումը, այսինքն՝ եթե երկրաչափություն դու չգիտես, չես կարող դառնալ լավ փիլիսոփա:

 

3) Մի քանի խորհուրդ կարո ՞ղ եք տալ Ձեր ուսանողներին, որոնք կօգնեն նրանց հաջողության հասնել :

 

Ես միշտ ասում եմ, որ հաջողությունը պատահական չի լինում: Եթե նայենք երկրագնդի բոլոր տաղանդավոր մարդկանց, երևի 99 տոկոսը եղել է աշխատասեր: Այսինքն՝ հաջողության հասնելու համար աշխատասիրություն է պետք,  ինչպես նաև բազմակողմանի զարգացվածություն, ինչը մարդուն օգնում է ավելի լավ ընկալել կյանքը: Ըստ իս, մարդը պետք է հետաքրքրվի և՛գրականությամբ, և՛ ճարտարապետությամբ, և՛ աշխարհագրությամբ. դա շատ կարևոր է: