3 հարց Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս Բերնար Դյուսուքին

30/10/2019

"3 հարց․․․" հարցազրույցների շարքը շարունակվում է ֆրանսիական համալսարանի՝ Ինքնարժեքի վերլուծություն և Ձեռնարկատիրական խաղ առարկաների դասախոս Բերնար Դյուսուքի հետ:

Պարոն Դյուսուքը Լիոնի կառավարման դպրոցի դասախոս է (այս դպրոցի բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերը  Eduniversal 2018-2019թթ ցանկի լավագույն հնգյակում են https://www.univ-lyon3.fr/)

 

1. Ինչպե՞ս եք մոտիվացնում ուսանողներին սովորել Ձեր դասավանդած առարկան : Ո՞րն է, ըստ Ձեզ, ժամանակակից կրթության ամենամեծ մարտահրավերը:  

Ինձ համար գոյություն չունի « առարկա սովորեցնել » արտահայտությունը. ես կիսվում եմ գիտելիքով ու կառավարման մեթոդներով: Ինձ համար կարևորը խոսքս (տեսականը) էմպիրիկ իրադրություններով, ուսանողների համար հասկանալի օրինակներով լուսաբանելն է, որպեսզի փոխանցածս միտքը հասկացվի․ օրինակ՝ բացատրել ուսանողներին, որ իրենց սովորած այս կամ այն վերլուծության մեթոդը, նշանակետ գնի մեթոդը կամ շեղումների վերլուծությունը կարող են կիրառվել կյանքում և օգտակար լինել։

Ինչ վերաբերում է մարտահրավերին՝ ինձ համար խնդիրը թվային միջավայրը հաշվի առնելն է. ուսանողներն ավելի ու ավելի «ցրված են » : Ինչպե՞ս գրավել նրանց ուշադրությունը : Ինչպե՞ս ներառել թվային աշխարհի փոփոխությունները կրթության մեջ:

 

2. Արդյո՞ք տարբեր են հայ և ֆրանսիացի ուսանողների համար Ձեր դասավանդելու մեթոդները:

Ե՛վ այո, և՛ ոչ: Ես ունեմ մի քանի մոտեցման տարբերություններ, որոնց նպատակն է հայ ուսանողին բնորոշ որոշակի գծերի շտկումը, այն է՝ «անգիր սովորելու » և քննությանը դասախոսություններից մեջբերումներ անելու սովորությունները, խնդրի ներկայացման դժվարությունը (օրինակ՝ սինթետիկ աղյուսակների միջոցով): Դասավանդման հիմքը նույնն է, սակայն հայ ուսանողների հետ ես փորձում եմ օգտագործել « տեղական » օրինակներ, որպեսզի իմաստավորեմ ասածներս և, իհարկե, շտկեմ վերոնշյալ թերությունները։ Ուսանողը պետք է գիտելիքների միջոցով վերլուծի իրավիճակը, այլ ոչ թե անգիր արած լուծումներ առաջարկի։

 

3․ Ձեր խորհուրդն ուսանողներին…

Սիրով կկրկնեմ ֆրանսիացի մի երգչի՝ Ժակ Դյուտրոնի մտքերից մեկը, այն մոտավորապես այսպես է հնչում․ աշխատանքը վճարվում է ապագայում, ծուլությունը վճարվում է կանխիկ ։ Բայց 20 տարեկան ուսանողների համար ամբողջ կյանքն առջևում է:  Նրանք չեն շտապում. համալսարանական տարիների ինտելեկտուալ ներդրումն անշուշտ կարդարացվի ավելի ուշ։

Եվ միշտ հիշե՛ք՝ դուք բախտավոր եք, որ սովորում եք համալսարանում, ոչ բոլորն ունեն այդ հնարավորությունը։