Ալեն Կրուզիլը՝ ՀՖՀՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համադեկան

22/01/2020

ՀՖՀՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ստեղծվել է 2018թ․-ին՝ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ ակադեմիական համագործակցության արդյունքում։ ՀՖՀՀ-ում այս ֆակուլտետը ղեկավարում է պարոն Արամ Եսայանը․ այսուհետ ֆակուլտետը համադեկան ունի նաև Թուլուզի համալսարանում՝ ի դեմս պարոն Ալեն Կրուզիլի։ 

 

Մենք ուրախ ենք, որ պարոն Կրուզիլը միանում է ՀՖՀՀ մեծ ընտանիքին, և ստորև ներկայացնում ենք նրա համառոտ մասնագիտական կենսագրությունը։

 

Թուլուզի Պոլ Սաբատիե համալսարանի տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեն Կրուզիլը 1998թ․-ից վերոնշյալ համալսարանի Գիտությունների և ինժեներիայի ֆակուլտետի Ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ է։


Ալեն Կրուզիլը դասավանդում է պատկերների վերլուծություն, համակարգչային տեսողություն, ծրագրավորում և օպերացիոն համակարգեր բակալավրիատում և մագիստրատուրայում ։ 


Նա նաև պատկերների վերլուծության և համակարգչային տեսողության վերաբերյալ գիտահետազոտություն է իրականացնում Թուլուզի ինֆորմատիկական հետազոտությունների ինստիտուտում։ Նրա աշխատանքները մասնավորապես վերաբերում են քրեական հետաքնությունների և հասարակական տրանսպորտում վերահսկողության աջակցությանն ուղղված տեսանյութերի վերլուծությանը։


2009-2014թթ․ Ալեն Կրուզիլը եղել է ինֆորմատիկայի բակալավրիատի 2-րդ կուրսի պատասխանատու, իսկ 2007-2013թթ․՝ Պատկեր և ԶԼՄ մասնագիտացմամբ մագիստրատուրայի Պատկերների ինժեներիա և թվային ձայնագրություն հոսքի պատասխանատու։


2009թ․-ից Ալեն Կրուզիլը Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի Ինֆորմատիկայի գիտական քոլեջի անդամ է։
2013թ․-ին եղել է ինֆորմատիկայի ամբիոնի ղեկավարի օգնական, իսկ 2014թ․-ից՝ ամբիոնի ղեկավար։