ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Նորայր Մխիթարյանի (2011) հաջողության պատմությունը

06/05/2020

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Նորայր Մխիթարյան | ՀՖՀՀ Կառավարման ֆակուլտետի 2011թ.-ի շրջանավարտ | Դելոյթ խորհրդատվական կազմակերպություն, աուդիտի մենեջեր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա

 

  • Ինչու՞ եք ընտրել հենց այս մասնագիտությունը:

 

Դպրոցական տարիներին հաղթող էի ճանաչվել տնտեսագիտության մարզային օլիմպիադայում, և կարծում եմ՝ հենց դա վճռորոշ դեր խաղաց մասնագիտության ընտրության հարցում: Ընդհանրապես, մասնագիտության ընտրությունը ժամանակի հրամայական է: Սրանից տասնհինգ  տարի առաջ տնտեսագիտություն և իրավաբանություն էր, այսօր՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, իսկ վաղը՝ չգիտենք ինչ կլինի: Մենք շուտով ականատես կլինենք կրթության ոլորտի գլոբալ տրանսֆորմացիայի, երբ որ մարդիկ կյանքի ընթացքում 2 - 3 մասնագիտություն են փոխելու, և կրթական հաստատությունները պետք է պատրաստ լինեն այդ նոր աշխարհին:

 

Կարծում եմ՝ ՀՖՀՀ-ն շատ ճիշտ զարգացման ռազմավարություն է ընտրել, ի դեմս 2020 նախագծի, ադապտացվելով ժամանակի ոգուն: Ի դեպ, հետաքրքիր ժամանակ ենք զրուցում. այս օրերին աշխարհում մոլեգնող Covid-19 համավարակը արագացնում է առցանց կրթության զարգացումը, և ավելի քան վստահ եմ, որ այն դեռ շատ հնարավորություններ կբացի, և նոր մասնագիտություններ ի հայտ կգան: Պետք է օգտվել:

 

  • Ի՞նչ կասեք ֆրանսիական համալսարանի տված գիտելիքների և դասավանդման արդյունավետության մասին:

 

Հայաստանի կրթական համակարգի խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ վատ սովորող և լավ սովորող ուսանողը (նույնը նաև դպրոցում է) ստիպված են հինգից վեց տարի սովորել միասին նույն լսարանում: Ինչը բերում է կոլեկտիվ միջակության: Ֆրանսիական Համալսարանը շատ լավ «զտման մեխանիզմներ» ուներ այդ առումով, ինչն, անշուշտ, բարձրացնում էր ուսման կազմակերպման արդյունավետությունը: Վերջ ի վերջո, մենք ավելի շատ վերցնում ենք ոչ թե դասախոսից, այլ այն միջավայրից որտեղ դա անում ենք: Ուսումը նույնպես կարող է վարակիչ լինել (խմբ. ժպտում է):

Մյուս կարևոր պայմանը դա արդարությունն էր գնահատման համակարգում, ինչը կարևոր է 17 տարեկանի համար, որպեսզի  գիտակցի, որ իր միակ հույսը ինքն է. լավ կսովորի‘ անվճար համակարգում կլինի, վատ կսովորի‘ դուրս կմնա: Կարճ ու հեշտ տարբերակներ չկան: Այս արդարությունը իր հերթին անհրաժեշտ պայման էր ուսանողների միջև առողջ մրցակցություն ապահովելու համար:

Ուսման կազմակերպման անհրաժեշտ նախապայման էր նաև համալսարանը ապաքաղաքականացված պահելը, ինչը հազվադեպ երևույթ էր այդ տարիներին:

 

  • Ո՞րն է ֆրանսիական համալսարանի դերը աշխատաշուկայում Ձեր տեղն ու դերը գտնելու հարցում:

 

Հայտնի խոսք կա, որ համալսարանները լավն են դառնում շնորհիվ լավագույն շրջանավարտների: Ճիշտ է, այն ժամանակ, երբ որ ես էի ընդունվում, ՀՖՀՀ-ն շրջանավարտների ընդամենը մեկ սերունդ էր ճանապարհել և դեռ չէր հասցրել զգալ այդ հետադարձ կապը: Հետագա տարիների ընթացքում նրանք ձնագնդի էֆեկտով ամրապնդել են հարազատ ԲՈՒՀ-ի բարձր հեղինակությունը, և ստեղծված goodwill-ը օգնել է նաև ինձ աշխատանք գտնելու հարցում: Կցանկանայի շնորհակալությունս հայտնել նրանց: Յուրաքանչյուր հաջորդ սերունդ, լավ կլիներ, գիտակցեր իր բաժին պատասխանատվությունը և այդ նշաձողը էլ ավելի բարձրացներ հաջորդ սերունդների համար:

Մյուս հանգամանքն այն էր, որ մագիստրատուրայի դասերը կազմակերպվում էին երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն էր տալիս համատեղել ուսումը աշխատանքի հետ և սահուն անցում ապահովել համալսարանից աշխատավայր: Հակառակ դեպքում, պետք էր սպասել մինչև ուսման ավարտը և հետո մի որոշ ժամանակ պարապ գործ փնտրելուց հետո, երբեմն, ստիպված ընտրել ոչ այնքան մասնագիտական ուղի:

 

  • Որո՞նք են միջպետական համալսարանի առավելությունները, եթե կան այդպիսիք:

 

Կուզենայի նշել հայ և ֆրանսիացի դասախոսների այն հարուստ միքսը, որ կար ՀՖՀՀ-ում: Մի կողմից մեր ֆրանսիացի դասախոսները ժամանակակից կրթական մշակույթ էին բերում իրենց հետ, ինչը նորություն էր Հայաստանում: Բացի այդ, նրանք իրենց փորձը հաջողությամբ փոխանցում էին նաև տեղացի մասնագետներին և այդպիսով նպաստում նրանց զարգացմանը նույնպես: Մյուս կողմից‘ մեր հայ մասնագետները, որոնք ոլորտի լավագույններն էին, հաջողությամբ կիսվում էին իրենց տեղական փորձով: Ավելին, նրանք նաև շատ լավ կամուրջ էին հանդիսանում մասնագիտական պրակտիկա կամ աշխատանք գտնելու հարցում: Եվ հենց այդպես էլ ես‘ իմ չորս համակուրսեցիների հետ, մեր առաջին մասնագիտական քայլը կատարեցինք դեպի աշխատավայր:

 

  • Հանդիպե՞լ եք արդյոք խոչընդոտների արտերկրում աշխատելու ընթացքում: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։

 

Մի քանի տարի Երևանում աշխատելուց հետո տեղափոխվեցի Թբիլիսի, այնուհետև Մոսկվա և հետո արդեն Լոնդոն: Այս փոփոխությունները բավականին սթրեսային էին և, միևնույն ժամանակ, չափազանց հետաքրքիր: Հավատացե՛ք, ճանապարհորդել ինչ-որ մի նոր երկիր մի բան է, իսկ ապրել այնտեղ‘ լրիվ այլ բան:

Եթե Վրաստանում հիմնականում առնչվում էի լեզվական խոչընդոտների, Ռուսաստանում՝ որոշակի մշակութային առանձնահատկությունների, ապա Անգլիայում‘ մշակութային խզվածքը շատ ավելի մեծ է և այն բացահայտելու, վերլուծելու և ադապտացվելու համար ավելի երկար ժամանակ ու ջանք է պահանջվել:

Գիտեք, Հայաստանը մոնո-էթնիկ ու միակրոն երկիր է, և մենք օտարազգիների հետ աշխատելու հնարավորություն չունենք, արդյունքում, այդ շփման կուլտուրան մեզ մոտ ուղղակի բացակայում է: Այստեղ նույնպես կուզենայի ընդգծել ֆրանսիացի մեր գործընկերների դերը, որոնք ինչ-որ չափով մեղմել են այդ բացը: Կարծում եմ՝ օգտակար կլիներ Ֆրանսիական Համալսարանում ավելի շատ տեսնել օտարազգի ուսանողների, ինչու չէ նաև փոխանակման ծրագրով ֆրանսիացի ուսանողների:

Այս պահին աշխատում եմ մի թիմում, որտեղ 14 երկրի ներկայացուցիչ կա: Շատ կարևոր է լինել ճկուն, հեշտ հաղորդակցվող և պատրաստ հաղթահարելու միջմշակութային տարբերությունները:

 

  • Ի՞նչ խորհուրդ կտաք համալսարանի ներկայիս ուսանողներին և դիմորդներին։

 

Աշխարհը շատ արագ է զարգանում, այսօր ոչ թե խելոքներն են հաղթում հիմարներին, այլ արագները դանդաղներին: Այս առումով խորհուրդ կտայի զարգացնել արագ մտածելու և արագ կողմնորոշվելու ունակությունները:

Երևի հենց այդ արագության պատճառով է, որ համալսարանի դերը, ֆինանսական լեզվով ասած, դարձել է «մաշվող ակտիվ» մասնագիտական առաջխաղացման մեջ (անգլ. depreciating asset): Ոչ մի գործատու հետաքրքված չէ, թե դու որտեղ ես սովորել տասը կամ տասնհինգ տարի առաջ, նրանք նայում են, թե ինչով ես զբաղվել վերջին մի քանի տարում: Հետևաբար, խորհուրդ կտայի ճիշտ օգտագործել առաջին աշխատանք գտնելու շանսը և սկզբնական փուլում չգայթակղվել միայն փողով:

Շատ կարևոր է ճիշտ կառուցել հարաբերությունները համակուրսեցիների հետ թե՛ ուսման ընթացքում, թե՛ առավել ևս դրանից հետո: Այստեղ իմ բախտը իրոք բերել է, քանի որ ունեցել եմ շատ հետաքրքիր կուրս‘ լի վառ անհատականություններով, և նրանք անշուշտ իրենց դրական ազդեցությունն ունեցել են ինձ վրա:

Թերևս այսքանը: