ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Անժելա Մարգարյանի (2006) հաջողության պատմությունը

20/07/2020

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Անժելա Մարգարյան | ՀՖՀՀ Կառավարման ֆակուլտետի 2006թ. շրջանավարտ | Տուլոնի համալսարանի մագիստրատուրայի երկու բաժինների՝ Տուրիզմի կառավարման և Կառավարման վերահսկողության շրջանավարտ |  Covaldem11 վարչական մարմին, կառավարման վերահսկիչ | Կարկասոն, Ֆրանսիա:

 

Ո՞րն է ֆրանսիական համալսարանի դերը աշխատաշուկայում Ձեր տեղն ու դերը գտնելու հարցում:

 

Անկեղծ ասած՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընտրությունը մի փոքր պատահական էր ինձ համար: 16 տարեկանում, դեռևս շատ տեղեկացված չլինելով մի շարք մասնագիտություններից, համոզված էի, որ ցանկանում եմ աշխատել ինչ-որ ձեռնարկությունում, այդ իսկ պատճառով որոշեցի սկսել կառավարման բակալավրիատից: 2002 թվականին, երբ դեռ երկու տարի էր անցել ֆրանսիական համալսարանի ստեղծումից, մի փոքր երկմտելուց հետո քայլերս ինձ տարան հենց այստեղ․ կանխազգում էի, որ այս համալսարանն ինձ թույլ կտա միաժամանակ մի քանի մարտահրավեր հաղթահարել:

Իրականում մարտահրավերն իմ սպասելիքներից վեր էր. մի կողմից ես պետք է փայլուն և նվիրված դասախոսների օգնությամբ բացահայտեի կառավարման ոլորտի մի շարք մասնագիտություններ, մյուս կողմից՝ զրոյից սովորեի նոր օտար լեզու, որով շատ կարճ ժամանակում պիտի կարողանայի ազատ հաղորդակցվել: Ֆրանսիական համալսարանի ընձեռած հնարավորությունն անչափելի է, ինձ բախտ վիճակվեց լինել այն հաջողակների շարքում, ովքեր բանիմաց մանկավարժական թիմի կողմից փոխանցված ամուր գիտելիքի շնորհիվ կարողացան բացվել աշխարհին: Այդ թիմը միշտ իմ կողքին է եղել և ուղեկցել է ինձ ՀՖՀՀ-ում համալսարանական հինգ տարիների ընթացքում մասնագիտական առարկաները և ֆրանսերենն ուսումնասիրելիս: 

Ուստի, այսօր կարող եմ վստահաբար ասել, որ իմ մասնագիտական ապագան բոլորովին այլ կլիներ, եթե ես չհետևեի իմ բնազդներին և չվստահեի Հայաստանում ֆրանսիական համալսարանին։

 

Համարու՞մ եք արդյոք աշխատանքային հաջողությունները միայն անձնական նպատակասլացության և աշխատասիրության արդյունք

 

Իհարկե, նպատակասլացությունն և աշխատասիրությունն անհրաժեշտ են մասնագիտական կյանքում հաջողությունների հասնելու համար, սակայն ես մի փոքր ավելի փիլիսոփայական մոտեցում ունեմ այս հարցին, քանի որ ըստ իս՝ մասնագիտական հաջողության գրավականն առաջին հերթին կախված է մասնագիտության ընտրությունից:

Համոզված եմ, որ նպատակասլաց և աշխատասեր մարդը գրեթե միշտ դառնում է լավ մասնագետ, բայց նա ի վերջո արագ հոգնում է իր մասնագիտությունից, եթե սիրով և խանդավառությամբ չի աշխատում։ Այսպիսով՝ եթե խորհուրդ տալու լինեմ, պետք է ասեմ հետևյալը. ձեր ապագա մասնագիտության ընտրությանը լուրջ վերաբերվեք, ժամանակ մի՛ խնայեք մտածելու համար, մի՛ լսեք այս կամ այն մասնագիտության գրավչության մասին հասարակության կարծիքը, ականջ դրեք Ձեր ներքին ձայնին և, ամենակարևորը, մի՛ վախեցեք սխալվելուց, քանի որ միայն փորձելով կարող եք հասկանալ, թե ինչն է Ձեզ իսկապես դուր գալիս: 

Սիրում եմ մտածել, որ աշխարհին պետք են ոչ թե իրենց երջանկության հաշվին աշխատող մարտիկներ, այլ՝ խանդավառ, բանիմաց ու երջանիկ մասնագետներ։ Այնպես որ, գտե՛ք Ձեր ճանապարհը, սահմանե՛ք նպատակներ, գտե՛ք միջոցներ դրանց հասնելու համար և եղե՛ք հաստատակամ: Ինչպես ասում էր հայտի ֆրանսիացի առևտրական Ժակ Կյորը՝  «Քաջ սրտի համար անհնարին ոչինչ չկա»:

 

Խոսե՛ք մի փոքր Ձեր հեռանկարների և ապագա նախագծերի մասին:

 

2007 թվականից ի վեր ապրում, սովորում և աշխատում եմ Ֆրանսիայում: ՀՖՀՀ-ն ավարտելուց հետո հնարավորություն ունեցա մագիստրատուրան շարունակելու Տուլոնի համալսարանում: Իմ առաջին աշխատանքային փորձը սկսվեց ուսումնական տարվա ավարտական պրակտիկայից: Ներկայումս աշխատում եմ Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի թափոնների արժևորմամբ զբաղվող վարչական կառույցում՝ որպես կառավարման վերահսկիչ։ Այս փորձի շնորհիվ առաջին հերթին բացահայտեցի ֆրանսիական հանրային ծառայությունների ոլորտը, որն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ այտեղ ունի իր առանձնահատկությունները։ 

Բացի այդ՝ ես կարողացա բացահայտել թափոնների վերամշակման ոլորտը, որը նույնպես շատ կարևոր է, քանի որ բնապահպանական և տնտեսական խնդիրներն այսօր շատ հստակ ցույց են տալիս թափոնների արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ կառավարման մեխանիզմի ստեղծման և ներդրման բացարձակ անհրաժեշտությունը ամբողջ աշխարհում:

Այս ուղղությամբ Ֆրանսիան արդեն զգալի առաջընթաց է գրանցել, և ես կցանկանայի ապագայում իմ համեստ ներդրումն ունենալ Հայաստանում այդ մոդելի ստեղծման և զարգացման գործում։ Ես նաև նախատեսում եմ, եթե հնարավորություն ընձեռվի, կիսվել իմ գիտելիքներով և հմտություններով ՀՖՀՀ-ի ապագա ուսանողների հետ:

Այսպիսով, իմ միջնաժամկետ մասնագիտական ապագան պլանավորում եմ Հայաստանում։ Այս մտադրությունը կիսում են նաև իմ ամուսինը, ով ծագումով ֆրանսիացի է, բայց ինչպես ես, մոտիվացված է այս նոր հեռանկարով, և մեր երկու երեխաները, որոնք ցանկություն ունեն ավելի լավ ծանոթանալ հայկական մշակույթին։