ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Էլեն Գեղամյանի (2019) հաջողության պատմությունը

24/09/2020

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

 

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Էլեն Գեղամյան | ՀՖՀՀ կառավարման ֆակուլտետի 2019թ.-ի բակալավրիատի շրջանավարտ | Baklachoff Collection ռեստորանային ցանցի (7 ռեստորանների) մարքեթինգի բաժնի ղեկավար | Մարքեթինգային Creative Agency - Scorpio գործակալության հիմնադիր | Երևան, Հայաստան:

 

Ո՞րն է ֆրանսիական համալսարանի դերը աշխատաշուկայում Ձեր տեղն ու դերը գտնելու հարցում:

 

Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ լինելը տալիս է  հնարավորություն լինել մրցակցային աշխատաշուկայում: Ի տարբերություն այլ համալսարանների, մեր համալսարանի շրջանավարտները դեռ սովորելու տարիներին հնարավորություն են ունենում աշխատելու, ձեռք բերելու փորձ, ինչը մեծացնում է շանսերը ավարտելուց հետո գտնելու «երազանքների աշխատանքը»:

Համալսարանն ընձեռում է այդ հնարավորությունը բոլորին. օգտվել, թե չէ այդ հնարավորությունից, որոշում է ուսանողը:

 

Միջազգային, թե՞ հայկական միջավայրում եք աշխատում:

 

Համալսարանական տարիներին աշխատել եմ միջազգային ՝ ամերիկյան շուկայի հետ, հիմա աշխատում եմ հայկական միջավայրում:

 

Օտար լեզուների իմացությունը ավելի լայն հնարավորությունների գրավակա՞ն է արդյոք:

 

Այո, միանշանակ: Ես մնում  եմ այն համոզման, որ օտար լեզուների իմացությունն անկախ մասնագիտական ուղղվածությունից պարտադիր է: Ֆրանսիական համալսարան մուտք եմ գործել միայն ռուսերենի և անգլերենի իմացությամբ, ուսումնառության տարիների շնորհիվ այսօր տիրապետում եմ նաև վարժ ֆրանսերենի, ինչը շատ անգամ ինձ դարձրել է ավելի մրցունակ աշխատաշուկայում:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք համալսարանի ներկայիս ուսանողներին և դիմորդներին:

 

Փորձել քաղել մաքսիմումը դասախոսներից, չթերագնահատել ոչ մի առարկայի կարևորություն,  ստեղծել կապեր, որոնք հետագայում անպայման անհրաժեշտ են լինելու կարիերայում:

Օգտվել ընձեռած հնարավորություններից, անցնել պրակտիկա, նույնիսկ անվճար, բայց ձեռք բերել փորձ, առանց որի լավ և մրցունակ աշխատավարձի մասին խոսք գնալ անգամ չի կարող:

 

Ձեր գործունեությամբ, որքանո՞վ եք նպաստում հայրենական տնտեսության կամ Ձեր գործունեության ոլորտի զարգացմանը:

 

Ես աշխատում եմ հյուրընկալության ոլորտում. ռեստորանային ոլորտը միշտ եղել է իմ սիրելին: Իմ գործունեության միջոցով և մեր կազմակերպության միջոցով իհարկե փորձում ենք զարգացնել ոլորտը, այն դարձնել միջազգային ստանդարտներին համապատասխան և ինչու չէ, հետագայում հայկական խոհանոցը դարձնել աշխարհին հայտնի իր զանազանությամբ և պատմությամբ:

 

3 բառով նկարագրեք հաջողակ մարդուն:

 

Նպատակասլաց, չհանձնվող, լավ թիմակից

 

Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

 

Դեռ չեմ ուզում խոսել հաջողության մասին, բայց ուրախ եմ, որ շատերն են իմ օրինակը դիտարկում որպես հաջողության բանաձև՝ հաշվի առնելով իմ տարիքը: Երևի միակ «գաղտնիքը» միշտ ավելիին ձգտելն է եղել: Դեռ առաջին կուրսում ընդունվելով անվճար իմ երազած ֆակուլտետը, հավաքելով մաքսիմալ բալերը 179.75/180-ից՝ ես չբավարարվեցի դրանով, դա միայն սկիզբն էր ինձ համար: Երկու ամիս չանցած արդեն աշխատում էի օնլայն Նյու Յորքում գտնվող ընկերության համար: Հիշում եմ  ՝այդ ժամանակ քչերն էին, որ համատեղում էին ուսումը և  աշխատանքը, ինչու չէ նաև ուսման լավ գնահատականները, ինչը շատ դժվար է մեր համալսարանում:

 

Ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը

 

Իմ պատկերացումները ապագայի մասին:

 

Խոսե՛ք մի փոքր Ձեր հեռանկարների և ապագա նախագծերի մասին:

 

Չեմ սիրում խոսել հեռանկարներից, լինել գործի մարդ, ոչ խոսքի։ :)

Բայց ունեմ կոնկրետ նպատակներ, որոնք գալիք տարի իրականություն կդառնան, այս տարվա էպիդեմիան ամեն կերպ խոչընդոտեց դրան: