ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Նարինե Սարգսյանի (2011) հաջողության պատմությունը

14/05/2020

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Նարինե Սարգսյան | ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի 2011թ.-ի և մագիստրատուրայի 2013թ.-ի  շրջանավարտ | AM իրավաբանական ընկերություն, գլխավոր իրավախորհրդատու, բաժնետեր | Երևան, ՀՀ:

 

  • Միջազգայի՞ն, թե՞  հայկական  միջավայրում եք աշխատում:

 

Մեր ընկերությունն իրավաբանական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայկական կապիտալով ռեզիդենտ կազմակերպություններին, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին, օտարերկրյա կապիտալով ռեզիդենտ կազմակերպություններին, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին, օտարերկրյա կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին և մասնաճյուղերին, միջազգային կազմակերպություններին:

 

  • Համարում եք արդյոք աշխատանքային հաջողությունները միայն անձնական նպատակասլացության, աշխատասիրության արդյունք:

 

Ոչ: Ես համարում եմ, որ նպատակասլացությունը և աշխատասիրությունը, անշուշտ, աշխատանքային հաջողությունների առաջին գրավականն են: Մինչդեռ կարևոր է նաև ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և հանդիպել ճիշտ մարդկանց: Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, ուսուցիչներին, դասախոսներին, գործընկերներին, աշխատանքային գործունեության ընթացքում իմ ունեցած բոլոր ղեկավարներին և բոլոր այն մարդկանց, ումից ես որևէ բան եմ սովորել: Առհասարակ, շնորհակալ լինելու և այդ մասին բարձրաձայնելու հատկությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է  և անձամբ ինձ համար մեծապես բնութագրում է մարդուն:

 

  • Օտար լեզուների իմացությունը ավելի լայն հնարավորությունների գրավական է արդյոք:

 

Միանշանակ, այո: Նախ ես համաձայն եմ այն հայտնի ասացվածքին, ըստ որի՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես: Բացի դրանից` իրավաբանի աշխատանքում ևս լեզուների իմացությունը շատ կարևոր է և էապես մեծացնում է այն ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանակը, որոնց իրավաբանը կարող է ծառայություն մատուցել: Մեր ընկերությունը յուրաքանչյուր տարի հյուրընկալում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին և այդ հանդիպումների ժամանակ ես անպայման շեշտում եմ, որ մեր համալսարանը եզակիներից է Հայաստանում, որը մասնագիտական գիտելիքներին զուգահեռ հնարավորություն է տալիս երեք-չորս օտար լեզու սովորել կամ կատարելագործել այդ լեզուների իմացությունը: Նաև համալսարանում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ ես առանց հավելյալ դասընթացների անցել եմ անգլերեն և ռուսերեն լեզուների իմացության ստուգում ՀՀ արդարադատության նախարարությունում և ստացել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի  որակավորման տեղեկանքներ: 

 

  • Ի՞նչ խորհուրդ կտաք համալսարանի ներկայիս ուսանողներին և դիմորդներին:

 

Նախ, իմ կարծիքով, իրենք առնվազն մեկ ճիշտ որոշում արդեն կայացրել են՝ ընտրելով Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Խորհուրդ եմ տալիս վայելել ուսանողական տարիները, որքան էլ որ դրանք մեր համալսարանում ծանրաբեռնված են, քանի որ այդ տարիները, միևնույն է, անկրկնելի են: Խորհուրդ եմ տալիս դասախոսներից վերցնել առավելագույնը՝ թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական առումներով: Եվ, իհարկե, խորհուրդ եմ տալիս գործադրել բոլոր ջանքերը՝ ուսումնառության 4-րդ տարում իրենց մասնագիտական պրակտիկան արտերկրում անցնելու հնարավորություն ստանալու համար, քանզի այն մարդկային և մասնագիտական փորձը, որը հնարավոր է ստանալ Ֆրանսիայում, Բելգիայում կամ Շվեյցարիայում պրակտիկան անցնելու դեպքում, անփոխարինելի է:

 

  • բառով նկարագրեք հաջողակ մարդուն:

 

Հաջողակ մարդուն նկարագրող շատ բառեր կան, սակայն, եթե ընտրելու լինեմ միայն 3-ը, ապա կասեմ` խելացի, նպատակասլաց, հավասարակշռված: