ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Նարեկ Շարաֆյանի (2017) հաջողության պատմությունը

24/09/2020

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

 

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Նարեկ Շարաֆյան | ՀՖՀՀ Իրավաբանական ֆակուլտետի 2017թ.-ի բակալավրիատի և 2019թ.-ի մագիստրատուրայի շրջանավարտ | ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու | «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամ | Երևան, Հայաստան:

 

Ո՞րն է ֆրանսիական համալսարանի դերը աշխատաշուկայում Ձեր տեղն ու դերը գտնելու հարցում։

 

Իմ պատկերացմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դիպլոմը շուկայի մի շարք գործատուների համար աշխատանքի թեկնածուի աշխատասիրության, վերջինիս ստացած որակյալ և առաջադեմ կրթության վերաբերյալ «կնիք» է։ Ինչպես ես, այնպես էլ համակուրսեցիներիցս շատերը, դեռևս բակալավրիատը չավարտած ունեինք մասնագիտական աշխատանքի մեկից ավելի առաջարկներ, որոնցից պետք է կատարեինք ընտրություն։

Իմ դեպքում առաջին գործատուս նաև ձեռնարկատիրական և  ֆինանսական իրավունքի դասախոսն էր։ Այդ հարցում մեծ դեր էին խաղացել տվյալ առարկայից քննության արդյունքներն ու դասավանդման ընթացքում առարկայի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրությունը։

 

Ձեր գործունեությամբ, որքանո՞վ եք նպաստում հայրենական տնտեսության կամ Ձեր գործունեության ոլորտի զարգացմանը։

 

Հաշվի առնելով, որ այս պահին աշխատում եմ երկրի տնտեսական քաղաքականության համար պատասխանատու կառույցում՝ կարելի է ասել, որ յուրաքանչյուր օր այս կամ այն կերպ առնչվում եմ հայրենական տնտեսություն համար կարևորություն ունեցող հարցերի հետ։ Այդպիսի խոշոր հարցերից կարող եմ նշել պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրական դաշտի մշակման աշխատանքները, ինչը թիրախավորում է ենթակառուցվածքային ծրագրերում մասնավոր հատվածի ներդրումային և կառավարչական ներուժի ներգրավումը, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ռազմավարության մշակումը, գործարար միջավայրի բարելավման միջնաժամկետ ծրագրի մշակումը։ Քանի որ միաժամանակ հանդիսանում եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդի անդամ, այդ ոլորտը ևս ուշադրությանս ներքո է։

 

Համարու՞մ եք արդյոք աշխատանքային հաջողությունները միայն անձնական նպատակասլացության և աշխատասիրության արդյունք։

 

Կարծում եմ՝ նպատակասլացության ու աշխատասիրության հատկանիշները կարող են էականորեն բարձրացնել մասնագիտական հաջողություններ ունենալու հավանականությունը։ Դրանք որոշիչ են եղել նաև ինձ համար։ Սակայն ֆրանսիական համալսարանը տրամադրել է անհրաժեշտ պրակտիկ և գիտական միջավայր, որպեսզի ջանքերս ճիշտ ուղղորդվեն և առնվազն Հայաստանի պայմաններում ստեղծեն առավել մեծ ավելացված արժեք։ Արդյունքներից օգտվել եմ ես, և, հուսով եմ, օգտվել են գործատուներս։

 

Մասնագիտական պրակտիկան իր նպաստն ունեցե՞լ է արդյոք Ձեր աշխատանքի տեղավորման հարցում։

 

Համալսարանի շնորհիվ մասնագիտական պրակտիկան անցել եմ Փարիզի 9-րդ թաղամասի տեղական ինքնակառավարման մարմնում, սակայն ամիսներ անց աշխատանքի եմ անցել ՀՀ կենտրոնական բանկում։ Եթե մասնագիտական առումով պատճառահետևանքային կապը ակնհայտ չէ, ապա աշխարհընկալման և հատկապես անձնական զարգացման տեսանկյունից այդ 2 ամիսների փորձը ունեցել է  շրջադարձային նշանակություն։

 

Ինչու՞ եք ընտրել հենց այս մասնագիտությունը։

 

Հաճախ ասում եմ, որ իրավաբանությունը ամենահումանիտարն է բոլոր հումանիտար գիտություններից։ Ինչու՞։ Իրավաբանությունը ուսումնասիրում է բոլոր ոլորտներում հասարակության բնականոն գործունեության կանոնները և հասարակական ինստիտուտները, սոցիալական պայմանագրի պայմանները՝ հանրային վտանգավորություն ունեցող արարքներից մինչև երկրում բիզնես գործունեության առանձնահատկություններ։ Այս մասնագիտությունը, առաջնահերթորեն, վերլուծական մտածելակերպ և արժեհամակարգ է։ Վստահ եմ, որ չնայած տարածված հակառակ կարծիքին՝ մաթեմատիկակական տրամաբանությունը և փաստարկված միտքը իրավաբանության անբաժանելի տարրեր են։ Թվարկված գործոնները անձնապես ինձ համար այս մասնագիտությունը դարձրել են չափազանց գրավիչ, իսկ հետադարձ հայացքը հուշում է, որ մասնագիտության ընտրության հարցում չեմ սխալվել։

 

Որո՞նք են այսօրվա մարտահրավերները Ձեր աշխատանքի ոլորտում։

 

Ավտորիտար բնույթի իրավական համակարգերից ժառանգված իրավաբանական դպրոցը և ինստիտուտները։ Այդ պատճառով պրակտիկայում հանդիպում են մի շարք խնդիրներ՝ կապված իրավական ակտերի մեկնաբանման հետ։ Մասնավորապես՝ իրավունքի տարբեր ճյուղերին հատուկ սկզբունքների, դրանց կողմից պաշտպանվող արժեքների և հետապնդվող նպատակների միջոցով իրավական տեքստի մեկնաբանման գործիքակազմը ստորադասվում է օրենսդրական ձևակերպումների պարզունակ մեկնաբանմանը։

 

3 բառով նկարագրեք հաջողակ մարդուն

Սկզբունքային, կրթված, վերլուծող։