ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Տիգրան Խաչատրյանի (2007) հաջողության պատմությունը

04/06/2020

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Տիգրան Խաչատրյան | ՀՖՀՀ Կառավարման ֆակուլտետի բակալավրի 2007թ.-ի և Ֆինանսների և վերահսկողության մագիստրատուրայի 2011թ.-ի շրջանավարտ | Qualix S.A. բիզնես խորհրդատվության և ծառայությունների կազմակերպություն, հաշվապահության և հարկերի գծով մենեջեր | Լյուքսեմբուրգ

 

Ո՞րն է ֆրանսիական համալսարանի դերը աշխատաշուկայում Ձեր տեղն ու դերը գտնելու հարցում:

 

Ֆրանսիական համալսարանը հսկայական ազդեցություն է ունեցել  իմ աշխարհայացքի ձևավորման և աշխատաշուկայում իմ տեղը գտնելու հարցում։ Կրթության բարձր որակը, բարձրակարգ մասնագետները և Ֆրանսիայում  ունեցած երկու վերապատրաստումներն ինձ օգնել  են դառնալ  միջազգային աշխատաշուկայի պահանջներին լիովին համապատասխան մասնագետ։

 

Համարու՞մ եք արդյոք աշխատանքային հաջողությունները միայն անձնական նպատակասլացության և աշխատասիրության արդյունք:

 

Ըստ իս, անձնական նպատակասլացությունն ու աշխատասիրությունը հանդիսանում են հաջողության  հասնելու կարևոր և հիմնական  բաղադրիչները․ նեղ մասնագիտական տեխնիկական գիտելիքները հանդիսանում են ներկայիս աշխատաշուկայի ամենապահանջված հմտություններից  մեկը, այդ իսկ պատճառով խորը համալսարանական գիտելիքներն ու ընթացիկ մասնագիտական որակավորմները թույլ են տալիս ձեռք բերել և պահպանել աշխատաշուկայում մեր տեղը։

 

Որո՞նք են միջպետական համալսարանի շրջանավարտի առավելությունները, եթե կան այդպիսիք:

 

Միջպետական համալսարանի առավելություններից են նախ և առաջ Ֆրանսիայից հրավիրված դասախոսների առկայությունը ուսումնական պրոցեսում, ուսումնական ծրագրերի համապատասխանությունը եվրոպական ուսումնական ծրագրերին և վերջապես ֆրանսիական դիպլոմի առկայությունը, որն իմ պարագայում ունեցել է մեծ դեր Բելգիայում ևս մեկ մագիստրոսական կրթություն ստանալու հարցում։ Սույն դիպլոմը հեշտությամբ  ճանաչվել  է Լյուքսեմբուրգի պետական մարմինների կողմից և ինձ թույլ է տվել առանց խոչընդոտի անդամակցել Լյուքսեմբուրգի հավատարմագրված հաշվապահների միությանը։

 

Մասնագիտական պրակտիկան իր նպաստն ունեցե՞լ է արդյոք Ձեր աշխատանքի տեղավորման հարցում:

 

Ֆրանսիական համալսարանում ուսման ընթացքում ունեցած իմ երկու պրակտիկաները Ֆրանսիայում, նախ և առաջ ինձ համար բացահայտել են եվրոպական արժեքները, աշխատելաոճը և աշխատաշուկայի առանձնահատկությունները։ Պրակտիկաների ընթացքում  իմ գործունեությունն ու ունեցած շփումները կարևոր դեր են ունեցել հետագայում Եվրոպայում հաստատվելու իմ մտադրության հարցում։

 

Ֆրանկոֆոն լինելը որքանո՞վ է կարևոր Ձեր աշխատանքային միջավայրում:

 

Լյուքսեմբուրգի աշխատաշուկայում ֆրանկոֆոն լինելը տալիս է հսկայական  հնարավորություն, իհարկե կա հնարավորություն աշխատել միայն անգլերենի իմացությամբ, բայց սոցիալական միջավայրում, աշխատանքային կոլեկտիվներում հաղորդակցման հիմնական լեզուն հանդիսաանում է ֆրանսերենը։