Զարգացնել ձեռներեցության ջիղը՝ ՀՖՀՀ-ի կարևոր մարտահրավերներից մեկը

27/02/2019

UFAR20+-ը հաճախ ընկալվում է որպես նախագիծ, որը նոր թափ կտա համալսարանի զարգացմանը և կնպաստի նոր նախաձեռնությունների իրականացմանը: Ուշադիր հետևելով բարձրագույն կրթության նորություններին՝ ՀՖՀՀ-ն չի սպասում նյութական պայմաններին նորարարելու և իր կրթության որակի մեջ ներդրում անելու համար: Ձեռներեցական ջիղը այն կարևոր ունակություններից է, որ համալսարանը ցանկանում է զարգացնել երիտասարդների մեջ. 2018թ.-ի հոկտեմբերից սկսած՝ համալսարանում պարբերաբար կազմակերպվում են ձեռներեցության աշխատարաններ:    

2018-ի հոկտեմբերին ՀԲԸՄ Փարիզի հետ համագործակցությամբ ՀՖՀՀ-ն հյուրընկալեց ֆրանսիացի մասնագետների վարելու ձեռներեցության ոլորտում ստեղծարար մտածողության, դիզայն մտածողության և փիթչինգի մասին մոդուլներ: Բոլորի համար հասանելի և կամավոր մասնակցության վրա հիմնված այս մոդուլների շնորհիվ մասնակիցները հետագայում հնարավորություն ունեցան ներկայանալու ձեռներեցության այլ միջոցառումների և մրցույթների:

Փետրվարի 22-24ը ՀՖՀՀ-ի ուսանողները մասնակցեցին Ստարտափ բուստին (SBW), որը կազմակերպվել էր Catalyst հիմնադրամի կողմից՝ ԵՄ-ի հովանավորությամբ: Այս միջոցառումն իրականցվում էր ԵՄ-ի EU4Business SMEDA նախագծի շրջանակներում, որը նպատակ ունի աջակցելու ՓՄՁ զարգացմանը: Իսկ ստարտափ բուստի նպատակն էր հայ երիտասարդների մոտ զարգացնել ձեռներեցական միտքը և թիմում աշխատելու ունակությունները: Երկու օրվա ընթացքում 120 ուսանող՝ 7 տարբեր համալսարաններից, կազմեցին թիմեր, ձևակերպեցին գաղափարներ և փորձեցին դրանք իրականացնել ստարտափ մտածելակերպին համապատասխան: Նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու և աշխատելու պրոֆեսիոնալ ձեռնարկատերերի, մենթորների և ներդրողների հետ:

Այս շաբաթ արդեն ՀՖՀՀ-ում նոր մոդուլներ են սկսվում. Բրիտանական խորհրդի « Creative spark » նախագծի շրջանակներում կազմակերպվում է 3օրյա տևողությամբ (մարտի 1-4) աշխատարան ստեղծարար ձեռներեցության վերաբերյալ: Այն վարում է ՀՖՀՀ-ում ձեռներեցության մոդուլների պատասխանատու և նորագույն տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ կապերի համակարգող Քրիստինա Սարգսյանը: Աշխատարանն ունի 3 հիմնական բաղադրիչ. առաջին օրը նվիրված է գաղափարի ձևավորմանը և այն իրականացնելու համար թիմի ստեղծամանը: Ինչպես նշում է Քրիստինան. « Հաճախ ավելի լավ է, երբ ուսանողները չունեն արդեն ֆիքսված միտք, քանի որ հակառակ դեպքում բավականին դժվար է այդ միտքը պայմաններին և համատեքստին համապատասխանեցնելը, այնինչ ճկունությունը ձեռներեցության մեջ ամենակարևոր բաներից մեկն է »: Աշխատարանի երկրորդ օրը կենտրոնանում է հաճախորդի հետ հարաբերությունների զարգացման և պրոդուկտի նախատիպի ստեղծման վրա: Աշխատարանի վերջին փուլում պրոդուկտը « թողարկվում է » ֆիլմի, « վիդեո փիթչինգի » և առցանց ուղիղ հեռարձակմամբ ներկայացման միջոցով:

Այս տեսակի աշխատարաններն ու մոդուլները բաց են բոլոր ուսանողների համար և իրական հնարավորություն են նախաձեռնողական միտքը զարգացնելու և ուսանողներին ձեռներեցության դրդելու համար:

« Creative spark » աշխատարանին գրանցվելու համար