Դիջիթեյն. ՏՏ ոլորտի հայաստանյան խոշոր ընկերությունն աջակցում է կրթությանն ու առողջ ապրելակերպին

08/05/2019

Ապրիլի 28-ին Ֆրանսիական համալսարանի կազմակերպած սպորտային միջոցառման գլխավոր հովանավորը Դիջիթեյն ընկերությունն էր: Միջոցառման տպավորություններով կիսվելուց հետո մենք որոշեցինք այցելել այս ընկերության գլխավոր գրասենյակ՝ ծանոթանալու դրա գործունեությանն և միջոցառմանն աջակցելու դրդապատճառներին: Հանդիպեցինք մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման գծով տնօրեն Սոնա Գրիգորյանին, ով պատմեց ընկերության ստեղծման, աշխատանքային մշակույթի, ռազմավարական նպատակների, ինչպես նաև համալսարանի հետ համագործակցության մասին

 

Դիջիթեյնն առցանց և իրական խաղային տիրույթում ծրագրային լուծումներ առաջարկող խոշոր ընկերություն է, որի ակունքները սկիզբ են առնում դեռևս 90-ականներից հայտնի Armenian Lottery-ում: 2004-ից այն սկսեց ներկայանալ Totogaming ապրանքանիշով, իսկ 2012-ից արդեն կորպորատիվ վեկտորն ուղղվեց B2B մոդելի՝ ծնունդ տալով Դիջիթեյն ընկերությանը:

 

Ներկայումս Դիջիթեյնն ունի ավելի քան 1300 աշխատող Հայաստանում, և պատրաստվում է գրասենյակներ հիմնել նաև արտերկրում: Ինչպես նշում է ընկերության մարդկային ռեսուրսների գծով տնօրեն Սոնա Գրիգորյանը. « Մեր ամենամեծ ուժը և մրցակցային մնալու գրավականն այս ոլորտում երկար տարիների փորձառությունն է: Մենք փորձում ենք այդ գիտելիքն ու արժեքները փոխանցել աշխատակիցների նոր սերունդներին, զարգացնել, ընդլայնել ընկերությունը, ապրանքների տեսականին և գործընկերների թիվը »: Դիջիթեյնի գործունեությունը պտտվում է ինչպես համաշխարհային բոլոր կարևոր սպորտային իրադարձությունների, այնպես էլ սեփական խաղային ապրանքների արտադրության շուրջ: Եթե սպորտային միջոցառումների դեպքում ամենակարևոր գործոնը բուքմեյքերների մաթեմատիկական ունակություններն ու փորձառությունն են, սեփական արտադրության դեպքում գործի են դնում աշխատակիցների ստեղծարար միտքն ու պրոֆեսիոնալ լուծումները:

 

Մրցակցային մնալու մեկ այլ գրավական էլ համարում են մատուցվող ծառայության որակը, որով գրավում են միջազգային շուկան: Ինչպես նշում է Սոնան. « Գործընկերներին մենք տալիս ենք ավելին, քան խոստանում ենք: Մեր սպառողական հիմնական շուկան Հայաստանից դուրս է գտնվում, կարելի է ասել, որ ընկերությունը հիմնվում է միջազգային շուկայի վրա և դա ստիպում է էլ ավելի աչալուրջ աշխատել և համապատասխանել միջազգային ստանդարտներին »:

 

16ac907e-41b7-4a66-b21b-fa018060261f

Սոնա Գրիգորյան, Դիջիթեյն ընկերության մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման գծով տնօրեն

 

Խոսելով ընկերության որդեգրած ռազմավարության և նպատակների մասին՝ Սոնան նշեց Հայաստանի լավագույն գործատու դառնալու հավակնությունը թե՛ աշխատանքային պայմանների, թե՛ մրցակցային աշխատավարձի և աշխատակիցների զարգացմանն ու մասնագիտական աճին ուղղված հնարավորությունների միջոցով: « Մենք շատ ենք կարևորում մասնագիտական զարգացումը, պարբերաբար իրականցնում ենք աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված գնահատումներ և աշխատակիցներին տրամադրում  զարգանալու ու որակավորման բարձրացմանն ուղղված տեղական և միջազգային դասընթացներին մասնակցելու հնարավորություն » Ներկայումս ընթանում են Դիջիթեյնի նոր, հսկա ու նորարար գրասենյակի կառուցման աշխատանքները: Ապագայում նոր շենք տեղափոխվելը ևս կօգնի ընկերությանը մոտենալ իր նպատակների իրագործմանը. «. Նոր շենքը հագեցած կլինի նորարար տեխնիկայով ու կտրամադրի հնարավորություն  ապահովելու  աշխատակիցների համար լավագույն պայմանները ՝ հանգստի սենյակ, հանդիպումների հարմարավետ  սենյակներ, մարզասրահ, ինչպես նաև արտերկրից հյուրերին ընդունելու, նեթվորքինգի և հանդիպումների համար անհրաժեշտ պայմաններ »:

 

Խոսելով ՀՖՀՀ հետ համագործակցության և միջոցառումը հովանավորելու մասին՝ Սոնան նշեց, որ Դիջիթեյնն իր համագործակցային ռազմավարության և հովանավորչական գործունեության մեջ ընտրել է  երկու առանցք՝ կրթությունն ու առողջ ապրելակերպը: Հենց դա էր պատճառը, որ այս ընկերությունը դարձավ ՀՖՀՀ-ի կազմակերպած վազքարշավի գլխավոր հովանավորը. « Մենք աշխատում ենք աջակցել կրթության, ՏՏ ոլորտի հետ կապված և առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումները: Սա ոչ միայն միջոց է մեր մասին մարդկանց պատմելու, այլև այս կարևոր ոլորտներին ձեռք մեկնելու համար»:

 

Որպես մարդկային ռեսուրսների գծով տնօրենի՝ Սոնայի հետ զրուցեցինք նաև աշխատաշուկայի և բարձրագույն կրթության համապատասխանության և առկա խնդիրների մասին: Նշենք, որ ներկայումս ՀՖՀՀ մի շարք շրջանավարտներ աշխատում են այս ընկերության վաճառքի,  մարքեթինգի, ռիսկերի  վերլուծության բաժիններում: Լինելով 1300-ից ավելի աշխատակից ունեցող ընկերության ՄՌ պատասխանատու՝ Սոնան հավաստիացնում է, որ ներկայիս մեծ ընկերությունների ամենամեծ մարտահրավերը լավ մասնագետներ գտնելն է, ովքեր կունենան նաև պրակտիկ փորձ.

 

« Մենք ունենք ավելի քան 10 աշխատակից, ովքեր Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ են: Պետք է նշեմ, որ ինքնակենսագրականում այս համալսարանի անունն անմիջապես դրական տպավորություն է ստեղծում, ցանկանում ես հանդիպել թեկնածուին: Կարծում եմ՝ տարբերակիչ հատկանիշներն են պրակտիկ գիտելիքը, փորձը, որ ուսանողները ստանում են կրթության ընթացքում, ինչպես նաև լեզուների իմացությունն ու ստեղծարարությունը, ուֆառցիները չեն վախենում նոր  բան փորձելուց: Աշխատանքային ցանկացած փորձ, թեկուզ ոչ մասնագիտական, թույլ է տալիս բախվել այնպիսի խնդիրների, որոնց հետագայում կհանդիպես նաև մասնագիտական գործունեությանդ ժամանակ, ուստի կարևոր է ծանոթ լինել աշխատանքային մշակույթին դեռ ուսանողական տարիներից, որպեսզի անցումնային շրջանն ավելի սահուն լինի »: Սոնան ողջունելի է համարում պրակտիկ գիտելիքների և փորձի կիրառումը համալսարանական տարիներին, նաև կարծում է, որ այժմյան կրթական համակարգին պակասում է ղեկավարի ունակությունների սերմանումը. « Կարծում եմ, որ դա հնարավոր է անել ուսման տարիներին, թե՛ լիդերշիփ տեսության և հրավիրված լիդերների դասախոսությունների, թե՛ ուսանողների փոքր խմբերով կոնկրետ օրինակների հիման վրա հմտությունները զարգացնելու միջոցով: Այդ դեպքում տեսական գիտելիքների կիրառումը աշխատանքի մեջ ավելի դյուրին կլինի, անցումնային շրջանը երիտասարդ մասնագետից ղեկավարի ավելի սահուն կլինի: Մեծ ընկերություններին ներկայումս պակասում են երիտասարդ ու հմուտ  ղեկավարները »:

 

Ֆրանսիական համալսարանի նոր UFAR20+ նախագծի, ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցության և Convergence կենտրոնի նպատակն էլ հենց այս առանցքի շուրջն է պտտվում՝ անել այնպես, որ համալսարանն ավարտելիս ուսանողներն արդեն ունենան սեփական պորտֆոլիոն և կարողանան փորձը կիրառել աշխատանքում: Հուսանք, որ մեր շրջանավարտները մասնագիտական հմտություններով կբավարարեն աշխատաշուկայի՝ մեր զրուցակցի նշած ամենակարևոր պահանջները և կնպաստեն Դիջիթեյնի և այլ խոշոր ընկերությունների հետ մեր բեղուն համագործակցությանը: