ՈՒՖԱՌ-ի գալա ընթրիքը Փարիզում, 12 հունիս 2019թ.

12/06/2019

Հայաստանում ֆրանսիական համալսարանը հունիսի 12-ին կազմակերպել էր գալա ընթրիք՝ նվիրված UFAR20+ նախագծին՝ նոր կամպուսի կառուցում ԹՈՒՄՈ կենտրոնի կողքին: Ընթրիքը հյուրընկալվեց Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի կողմից, ով նախագծին տրամադրել է 500 000 եվրո օգնություն՝ Երևանի հետ համագործակցության շրջանակներում: 

 

Չորեքշաբթի՝ հունիսի 12-ին կայացած գալա ընթրիքին ներկա էին շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, իսկ պատվո հյուրն էր Փարիզ-Իլ-դը-Ֆրանս ՓՄՁ միության նախագահ Բերնար Կոհեն-Հադադը: Ընթրիքն առիթ հանդիսացավ նախագծին ծանոթանալու, համալսարանի տնօրինությանն ու շրջանավարտներին հանդիպելու համար:

 

Ջերմ և հյուրընկալ միջավայրում շրջանի նախագահը ողջունեց նախագիծը և հիշեցրեց Իլ-դը-Ֆրանս շրջանի 500 000 եվրո օգնության մասին, որը քվեարկությամբ հաստատվել էր 2 շաբաթ առաջ: « Ես ցանկացա, որ շրջանն այս խոստումնալից նախագծի առաջին աջակիցներից մեկը լինի: Այս երեկո, ձեզ այստեղ ընդունելով, հույս եմ հայտնում, որ մեր աջակցությունն այլ նվիրատուներին վստահություն կներշնչի », 130-ից ավելի հյուրերին դիմեց տիկին Պեկրեսը:

 

Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը շնորհակալություն հայտնեց նախագահին նախագծի առաջին աջակիցը դառնալու համար. « UFAR 20+-ով մենք կառուցում ենք ապագան, մենք դնում ենք հիմքեր մտքի ազատության, գործելու, ստեղծելու և աշխարհին Հայաստանի նոր ու խոստումնալից կերպարը ցույց տալու համար », ավելացրեց նա:

 

Պատվո հյուր Բերնար Կոհեն-Հադադը ցանկություն հայտնեց համագործակցության շրջանակներում ՀՖՀՀ պրակտիկանտներ ընդունելու մասին. « ՀՖՀՀ-ի հետ մեր հարաբերությունները մեկնարկելով՝ մենք ցանկանում ենք Իլ-դը-Ֆրանս շրջանի ձեռնարկություններում ընդունել ուսանող-պրակտիկանտների »: Պարոն Կոհեն-Հադադը նաև 10 000 եվրոյի ֆինանսավորում խոստացավ Փարիզ-Իլ-դը-Ֆրանսի ՓՄՁ միության կողմից:

 

ՀՖՀՀ շրջանավարտների խոսքից հետո երեկոյի վարող Սերժ Ավեդիկյանը հյուրերին նվիրատվություն կատարելու կոչով դիմեց: Ավելի քան 50 000 եվրո նվիրատվության խոստումներ գրանցվեցին ապագա կամպուսի լսարանները ֆինանսավորելու համար:

 

Այս նվիրատվությունները գումարվում են այն 1 միլիոն եվրոյին, որ հավաքվել է 2019թ.-ի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո մեկնարկած դրամահավաքով: