Էմանուել Մակրոնն իր բարձր հովանու տակ է վերցնում UFAR20+ նախագծի դրամահավաքը

05/02/2019

Էմանուել Մակրոնն իր բարձր հովանու տակ է վերցնում UFAR20+ նախագծի դրամահավաքը. « ... այսօր մենք ունենք նոր կամպուսի նախագիծ, որի միջոցով ՀՖՀՀ-ն նոր հաջողությունների կհասնի, միջազգային ասպարեզ դուրս կգա և կբավարարի հայ երիտասարդության պահանջները՝ մի ճանապարհով քայլել Ֆրանսիայի և ֆրանկոֆոնիայի հետ »:

 

Երեքշաբթի, 5 փետրվարի 2019թ., Փարիզ: Hôtel du Collectionneur հյուրանոցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները միավորվել են հյուրընկալելու ֆրանսիական քաղաքական աշխարհի ներկայացուցիչներին և նշանավորելու հայ-ֆրանսիական բարեկամությունը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (ՖՀՀԽ) ամենամյա այս հավաքույթն առիթ է ներկայացնելու համար համագործակցության կառուցողական նախագծեր, ինչպես, օրինակ, Փարիզի Թումոյի բացումը, որի մասին քաղաքապետ Անն Հիդալգոն հայտարարեց 2018թ.-ի ընթրիքին: Սեպտեմբերին Forum des Halles-ում բացված այս կրթահամալիրը դարձավ Փարիզի սրտում հայկական անկյունը:

 

2018թ.-ի հոկտեմբերին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հաջողությունից հետո, փետրվարի 5-ի ՖՀՀԽ ընթրիքը հնարավորություն է հայ-ֆրանսիական համագործակցության նոր հիմքեր դնելու համար: Այս տարի, UFAR20+ նախագիծը երկկողմյա համագործակցության առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի զարգացման նոր համատեքստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծեց Ֆրանսիական համալսարանի և իր նոր կամպուսի դերը.

 

« Հայ երիտասարդության ապագան նաև կրթությունից է կախված: Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեր համագործակցության զարդն է և հիասքանչ օրինակ: Այստեղ կրթվել են ավելի քան 2000 ուսանողներ (մենք նրանց հանդիպեցինք մի քանի ամիս առաջ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին), որոնք կատարելապես տիրապետում են ֆրանսերեն լեզվին: Եվ այսօր մենք ունենք նոր կամպուսի նախագիծ, որի միջոցով ՀՖՀՀ-ն նոր հաջողությունների կհասնի, միջազգային ասպարեզ դուրս կգա և կբավարարի հայ երիտասարդության պահանջները՝ մի ճանապարհով քայլել Ֆրանսիայի և ֆրանկոֆոնիայի հետ »:

 

Խոստումնալից այս նախագծի՝ նոր կամպուսի իրականցումը պահանջում է մեծ ֆինանսական ներդրում, ինչով էլ բացատրվում է 3 միլիոն եվրո դրամահավաքի անհրաժեշտությունը: Այս դրամահավաքը նշանավորում է ՀՖՀՀ-ի 20-ամյա գործունեությունը Հայաստանում և կրում է ապագայի համալսարանի տեսլականը: Այն իր մեկնարկը ստացավ նույն փետրվարի 5-ի երեկոյան Ֆրանսիայի հանրապետության նախագահի կողմից և այսուհետ գտնվում է նրա բարձր հովանու ներքո.

«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում այս գեղեցիկ նախագիծը կյանքի կոչելու համար մեկնարկած միջազգային դրամահավաքին: Ողջունում եմ ԵՄ-ի և Իլ-դը-Ֆրանս շրջանի աջակցությունը և հույսս դնում եմ բոլորիդ վրա, որպեսզի Ձեր մասնակցությունն ունենաք այս գործում », ներկաներին դիմեց նախագահ Մակրոնը:

 

 

https://twitter.com/Elysee/status/1092895674704805894