Նախագծերի կառավարում. ուֆառականներն աշխատում են իրական պատվերի վրա ԹՈՒՄՈ-ում իրենց առաջին դասից ի վեր

05/03/2019

2018թ.-ին ՀՖՀՀ-ն Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանի և Թուլուզի Ինֆորմատիկայի գիտական հետազոտությունների ինստիտուտի (IRIT) հետ համագործակցությամբ բացեց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) ֆակուլտետը: Այս ֆակուլտետի բացումն էլ հենց գտնվում է ՀՖՀՀ-ԹՈՒՄՈ համագործակցության սրտում և UFAR20+ նախագծի դրդիչ ուժերից մեկն է. ՀՖՀՀ-ի տեղափոխությունը դեպի նոր կամպուս սկսվում է ԻԿՄ ֆակուլտետից, որի ուսանողներն այս տարվանից արդեն դասընթացներ ունեն ԹՈՒՄՈ-ում:

Այսօր նախագծի կառավարման դասընթացի առաջին հանդիպումն է, և 8 ուֆառականներ եկել են ԹՈՒՄՈ՝ սովորելու նախագիծը սկզբից մինչև վերջ տանելու հմտությունները՝ շուկայի ուսումնասիրությունից և դոկումենտացիայից մինչև պրակտիկ իրականացում, և այս ամենը՝ իրական պատվերների վրա: Ինչպես նշում է ՀՖՀՀ-ում նորագույն տեխնոլոգիաների ձեռնարկությունների հետ կապերի համակարգող և ձեռներեցության մոդուլների պատասխանատու Քրիստինա Սարգսյանը. « ԻԿՄ ֆակուլտետում կրթությունն ունի նախագծային ուղղվածություն. ուսանողներն այս տարվանից սկսած մասնակցելու են կոմպլեքս նախագծերի իրականացման՝ ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցությամբ: Հենց սկզբից նրանք աշխատում են մեծ ձեռնարկությունների կամ ստարտափերի կողմից պատվիրված իրական նախագծերի վրա: Դասընթացն այնպես է կազմակերպված, որ ուսանողը ծանոթանում է նախագծի կառավարման բոլոր կողմերին: Յուրաքանչյուր կիսամյակի ավարտին պրոդուկտը ներկայանալի տեսք ունի, սա համապատասխանում է Սիլիկոնային հովտի՝ նախագծի կառավարման մոտեցմանը »:

Առաջին կուրսում նախագծի կառավարման աշխատարանները տևում են 8 շաբաթ, շաբաթական կես օր, այսինքն՝ կիսամյակում 24 ժամ: Տարեցտարի ժամերի քանակն աճում է՝ երրորդ և չորրորդ կուրսերում հասնելով կիսամյակում 50 ժամի:

Այսօր առավոտյան ուսանողները կազմեցին թիմեր, կատարեցին աշխատանքի բաժանում և սկսեցին աշխատել, ինչպես կանեին իրական աշխատավայրում. « Մեզ համար սա ստանդարտներից դուրս դաս է, առաջին օրն է ԹՈՒՄՈ-ում և կես օրվա ընթացքում հասցնում ենք շատ բան սովորել, օրինակ, այսօր աշխատում ենք առցանց դասընթացների հարթակների վրա », ասում է Սարգիսը:  

Հրանտը լրացնում է նրան. «Դրական կողմն այն է, որ ամեն ինչ սովորում ենք անմիջապես աշխատելով կոնկրետ օրինակի վրա: Այժմ բենչմարք ենք անում մեր նախագծի համար և տվյալները գրանցում ենք՝ ըստ առաջարկված չափանիշների»: 

«ԹՈՒՄՈ-ի միջավայրը մոտիվացնող է», համամիտ են բոլոր ուսանողները, « ավելի քիչ աղմուկ կա, պայմաններն ավելի լավն են »: Ալբինայի համար, ով ավելի ուշ ցանկանում է լինել տվյալների գիտնական, ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցությունը ֆակուլտետի ընտրության մեջ նշանակալի դեր է խաղացել. « Անցած տարի մասնակցել էի ՀՖՀՀ-ի բաց դռների օրվան, տեղյակ էի ՀՖՀՀ-ի տված կրթության մակարդակից և ԹՈՒՄՈ-ի նորարարական մեթոդներից, ինձ համար այս համագործակցությունը լավագույն ընտրությունն էր »: 

Ինչպես հայտնում է Քրիստինան, նախագիծը, որի վրա ուսանողներն աշխատելու են այս տարի, հենց ԹՈՒՄՈ-ի պատվերն է: Խոսքը մեզ քաջածանոթ Convergence կենտրոնի նախագծի մասին է.« Սա ընդարձակ և պատասխանատու նախագիծ է: Ուսանողներն աշխատում են մի բանի վրա, որը հետագայում հենց իրենց է ծառայելու, դա ավելի մոտիվացնող է: Մայիսին նրանք պետք է ներկայացնեն լուծումներ, որոնք հետագայում կկատարելագործվեն ԹՈՒՄՈ-ի մասնագետների կողմից »:

Հիշեցնենք, որ Convergence կենտրոնի նախագիծը ԹՈՒՄՈ-ի և ՀՖՀՀ-ի համատեղ նախաձեռնությունն է, որը ներկայացնում է համագործակցային էկոհամակարգ, որտեղ հանդիպում են ուսանողները, ստարտափերը, արդյունաբերությունը (կարդացեք կենտրոնի մասին UFAR 20+ բիզնես պլանում):