Նոյեմբերի 15-ին ՀՖՀՀ-ի դռները բաց էին բոլորի առջև

15/11/2019

Նոյեմբերի 15-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի դռները բաց էին դպրոցականների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում էին տեղեկություններ ստանալ ՀՖՀՀ-ի կրթական ծրագրերի և ուսանողական կյանքի մասին: Ավելի քան 350 հոգի այցելեցին համալսարան և հանդիպեցին ղեկավարության, դեկանների, ուսանողների և անձնակազմի հետ։

 

ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ողջունեց համալսարանի ապագա դիմորդներին․

 

« Ես միշտ ասում եմ, որ երբ դիմորդն ընդունվում է Հայաստանում ֆրանսիական համալսարան, մենք կնքում ենք սոցիալական պայմանագիր ուսանողի, նրա ընտանիքի և համալսարանի միջև։ Համալսարանի դերն է իր առավելագույնն անել, որպեսզի ուսանողին հասցնի մինչև աշխատանք։ »

 

Այս Բաց դռների օրը համալսարանի համար բացառիկ էր, քանի որ այն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն Ժոնաթան Լաքոտը։ Նա ևս ողջունեց ներկաներին․

 

« Հպարտ եմ, որ այսքան շատ մարդ եմ տեսնում ՀՖՀՀ-ում։ Այս համալսարանը ստեղծվել է Հայաստանի զարգացումն ուղեկցելու համար։ Հույս ունեմ, որ այս օրվա արդյունքում շատերդ կընդունվեք ՀՖՀՀ և կորդեգրեք այս համալսարանի արժեքները։ Որոշակի փոփոխությամբ կկրկնեմ Շառլ Ազնավուրի խոսքերը. ՀՖՀՀ-ն 100% հայկական է և 100% ֆրանսիական »։

 

Գրադարանում տեղակայված տաղավարներում ուսանողները հանդիպեցին ՀՖՀՀ անձնակազմի, Ուսանողական խորհրդի, Կամավորների ակումբի, Երիտասարդ ձեռնարկության, Ֆրանսերենի ամբիոնի ներկայացուցիչներին, ստացան տեղեկություններ նախապատրաստական դասընթացի, կրթաթոշակների, ուսանողական կյանքի մասին։ Իսկ ՀՖՀՀ-ի մասին կազմակերպված խաղի արդյունքում աշակերտները համալրեցին համալսարանի մասին իրենց գիտելիքները և ստացան մրցանակներ։

 

Համալսարանը կազմակերպել էր նաև խաղարկություն, որը տարբեր դպրոցների 20 հաջողակ աշակերտներին տվեց ՀՖՀՀ-ի 2019թ․ դեկտեմբերի փորձնական քննություններին անվճար մասնակցելու հնարավորություն։