« Այս համալսարանը կրթում է հայկական վերնախավ, որն իր մեջ կրում է նաև ֆրանսիական ոգի »․ Վալերի Պեկրեսը ՀՖՀՀ-ի մասին

30/01/2020

լուսանկարը՝ Nouvelles d'Arménie ամսագրի կայքից

 

2020թ․ հունվարի 29-ին Փարիզի Hôtel du Collectionneur հյուրանոցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի ամենամյա ընթրիքը ։ Ամենամյա այս հավաքույթը հայ-ֆրանսիական բարեկամությունը նշանավորելու և համագործակցության կառուցողական նախագծեր ներկայացնելու կարևոր առիթ է։ Այդ նախագծերից է նաև UFAR20+-ը, որի համար նախատեսված միջազգային դրամահավաքի մեկնարկը տրվեց գրեթե մեկ տարի առաջ, այս նույն վայրում՝ նախագահ Մակրոնի կողմից։

 


Մեկ տարի անց՝ հունվարի 29-ին, նախագիծը շարունակում է մնալ երկկողմանի համագործակցության կենտրոնում․ այս տարվա իր ելույթում նախագահ Մակրոնն անդրադարձավ UFAR20+-ին որպես ֆրանկոֆոնիայի տարածման համար էական նախագիծ։ Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսն իր հերթին ՀՖՀՀ-ի նոր կամպուսի նախագիծը որակավորեց որպես շրջանի և Հայաստանի համագործակցության ամենագեղեցիկ նախագիծ․ « Մեր ամենագեղեցիկ նախագիծը ՀՖՀՀ-ի ուսանողների թվի կրկնապատկումն է։ Պարոն նախագահ, Դուք անցած տարի Ձեր բարեհաճությունը հայտնեցիք նախագծի վերաբերյալ և հայտարարեցիք դրամահավաքի մեկնարկը։ Ես անմիջապես արձագանքեցի՝ հայտնելով, որ շրջանը 500 000 եվրոյով կաջակցի նոր կամպուսի կառուցմանը ։ Մենք դա արեցինք, իսկ այստեղ ներկա բարերարներն ու Հայաստանի բարեկամները գրեթե եռապատկեցին ներդրումը։ Աշխատանքները կսկսվեն մինչև այս տարվա ավարտը՝ նպաստելով համալսարանի հեղինակության բարձրացմանը։ Այս համալսարանը կրթում է հայկական վերնախավ, որն իր մեջ կրում է նաև ֆրանսիական ոգի և ներկայացնում է Ֆրանսիան Հայաստանում »։

 

Տիկին Պեկրեսը խոսեց նաև ՀՖՀՀ-ի և Գուստավ Էֆել համալսարանի ապագա համագործակցության մասին․ « ՀՖՀՀ-ի հեղինակությունն է՛լ ավելի բարձրացնելու համար ես աշխատել եմ նաև Մարն-լա-Վալեի Գուստավ Էֆել համալսարանի նախագահ պարոն Ֆիլիպ Չամիչյանի հետ՝ ՀՖՀՀ-ի հետ համատեղ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ բացելու ուղղությամբ։ Այս համագործակցությունը թույլ կտա բազմապատկել Իլ-դը-Ֆրանսի և Հայաստանի ուսանողների փոխանակման ծրագրերը »,- նշեց նա։

 


ՀՖՀՀ-ի ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը ներկա էր ընթրիքին ֆրանս-հայկական համագործակցության մի շարք այլ ներկայացուցիչների հետ։


Հիշեցնենք, որ 2019թ․-ին բարերարների, անհատ նվիրատուների և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների շնորհիվ UFAR20+ նախագծի իրականացման համար հավաքվել է մոտավորապս 1,2 միլիոն եվրո։