Իլ-դը-Ֆրանս շրջանը հաստատեց 500 000 եվրոյի դրամաշնորհի տրամադրումը Ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցման համար

05/06/2019

Իլ-դը-Ֆրանս շրջանի խորհուրդը մայիսի 23-ին քվեարկությամբ ամրագրեց 500 000 եվրոյի դրամաշնորհի տրամադրումը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր ՝ ՈՒՖԱՌ20+ կամպուսի կառուցման համար:

 

Փետրվար ամսին՝ Փարիզում կայացած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (ՖՀՀԽ) ընթրիքին Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը հայտնել էր ՀՖՀՀ-ի նոր կամպուսի նախագծին 500 000 եվրոյով աջակցելու իր մտադրության մասին: Վալերի Պեկրեսի համար համալսարանի « ֆրանկոֆոնիայի մեր սպասումներին համապատասխան շենք տեղափոխվելու » նախագիծը համոզիչ էր թվացել:

Իլ-դը-Ֆրանս շրջանի և Երևան քաղաքի միջև համագործակցության վերականգնման համատեքստում իր 2018թ.-ի նոյեմբերի այցի ժամանակ շրջանի նախագահն արդեն իսկ բարձր էր գնահատել ՀՖՀՀ-ի դերը ֆրանսիական մշակույթը Հայաստանում տարածելու գործում և պատրաստակամություն էր հայտնել համալսարանին աջակցելու հարցում (համալսարանի Ոսկե գիրք, 2018թ.-ի նոյմեբերի 19-ի այց):

 

Մայիսի 23-ին Խորհրդի կողմից քվերակությամբ հաստատված այս աջակցությունը ներկայացնում է դրամահավաքի ընդհանուր գումարի 15%-ը և ցույց է տալիս շրջանի ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և ֆրանսիական կրթական համակարգի տարածման գործում: Բացի այդ, Իլ-դը-Ֆրանս շրջանը ֆրանկոֆոն բարձրագույն կրթության համար բազմաթիվ գործողություններ է սկսել մասնավորապես նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Աշխատանքներ են տարվում ՀՖՀՀ-ի և փարիզյան շրջանի մի հաստատության միջև համատեղ դիպլոմավորմամբ դասընթացի մշակման ուղղությամբ՝ տվյալների գիտության ոլորտում:

 

ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը շնորհակալական նամակ է հղել շրջանի նախագահ տիկին Պեկրեսին հայ ուսանողների և բոլոր նրանց անունից, ովքեր ամեն օր մեծ էներգիա են ներդնում այս նախագծի իրականացման համար. « Այս երկրի զարգացման և նրա երիտասարդությանն աջակցելու Ձեր պատրաստակամությունն ու տեսլականը պատիվ ու պարծանք են մեզ համար », գրել է ռեկտորը: