Լորան Վոկիեն հայտարարում է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի կողմից UFAR20+ կամպուսի նախագծին 600 000 եվրոյով աջակցության մասին

22/10/2019

Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահը հայտարարում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի նախագծին 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին: Կամպուսի կառուցմանն ուղղված դրամահավաքը վերջերս իրենց բարձր հովանու տակ են առել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

 

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը նախագահ Լորան Վոկիեի գլխավորությամբ հանդիպեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին վերոնշյալ շրջանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում համագործակցությանը նվիրված քննարկման շրջանակում:  Համալսարանի ապագա կամպուսի հարևանությամբ՝ ԹՈՒՄՈ կենտրոնում կազմակերպված այս հանդիպումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին հիշեցրեց 2 համալսարանների միջև գոյություն ունեցող 20-ամյա համագործակցության մասին: ՀՖՀՀ-ի Ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը ներկայացրեց համալսարանի նոր UFAR20+ կամպուսի նախագիծը, որը գտնվելու է ԹՈՒՄՈ-ԵՄ Ինժեներական և կիրառական գիտությունների կենտրոնի հարևանությամբ․ « Այս նախագիծը կօգնի կերտել համալսարանի նոր դեմքը, այն կարելի է բնութագրել երեք երևույթով՝ կարծրատիպերի կոտրում, ինտելեկտուալ երիտասարդության կրթում և ֆրանկոֆոնիա »:

Եռակողմ հայտարարություն ստորագրվեց ՀՖՀՀ-ի, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի և  Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև։ Համաձայնագիրը ենթադրում է շրջանի աջակցությունը ՀՖՀՀ-ի զարգացմանը և նոր կամպուսի նախագծին, որը թույլ կտա համալսարանին դառնալ ֆրանկոֆոն միջազգային բարձրագույն կրթական և հետազոտական հաստատություն:

Նախագահ Լորան Վոկիեն հայտարարեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի նոր կամպուսի կառուցմանը 600 000 եվրոյով աջակցելու մտադրության մասին:: « ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ-ի համագործակցության նախագիծը մոտիվացնող նախագիծ է, որը թույլ կտա համալսարանին դառնալ ավելի դինամիկ։ Ես այսօր ուրախ եմ շուրջս տեսնել այս համալսարանի տված կրթության արդյունքը՝ ֆրանկոֆոն ուսանողներին և շրջանավարտներին »:

Հիշեցնենք, որ կամպուսի կառուցման համար 2019թ․ փետրվարին մեկնարկել է միջազգային դրամահավաք, որն իրականացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանավորությամբ:

Հայտարարության ստորագրումից հետո եղավ հարց-պատասխան մասնագիտական կրթության, գիտահետազոտական աշխատանքի, ձեռնարկատիրության մասին ներկաների հետ։