« Ուսանողները 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ »․ ուֆառցիները Թբիլիսիում

25/07/2019

Հուլիսի 18-ից 20-ը Թբիլիսիում` Իլիա պետական համալսարանում, տեղի ունեցավ ֆրանկոֆոն միջազգային գիտաժողով՝ « Ուսանողները 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ » խորագրով: Գիտաժողովը համախմբել էր երիտասարդների Վրաստանից, Հայաստանից, Ռումինիայից և Մոլդովայից։ Ֆրանսիական համալսարանի երեք ուսանողներ՝ Էլլա Մնացականյանը, Նորայր Մնացականյանը և Արման Օսեյանը գիտաժողովին ներկայացրին Հայաստանը և հանդես եկան գիտական զեկույցներով։

 

Տեսնենք, թե ինչ են նրանք պատմում իրենց փորձից․

 

Էլլա Մնացականյան, Իրավագիտություն 3-րդ կուրս, զեկույցի թեման՝ « Համալսարանական գրադարանը և առցանց նյութերի օգտագործման պայմանները »

 

_DSC8361.JPG (96 KB)

 

« Թբիլիսիում կայացած ուսանողական գիտաժողովը, որին պատիվ ունեցանք մասնակցելու` ներկայացնելով Հայաստանն ու Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, թեև կարճատև, բայց հրաշալի ու արդյունավետ մի փորձ էր` հաղորդակցվելու այլ երկրների ուսանողների հետ, մտքեր փոխանակելու մեզ հուզող ուսանողական խնդիրների մասին և առաջարկելու վերջիններիս համար հնարավոր լուծումներ: Իմ հոդվածը վերաբերում էր համալսարանական գրադարանին և օնլայն աղբյուրների օգտագործման պայմաններին, որը ներկայացրի` հղում անելով նաև համալսարանում ունեցած իմ սեփական փորձին, ինչը, որպես կենդանի օրինակ, միանշանակ շարժեց լսարանի հետաքրքրությունը` հնարավորություն ընձեռելով ստանալ բազմաթիվ հարցեր ու փնտրել դրանց պատասխանները: Բացի այդ, գիտաժողովը հրաշալի հնարավորություն էր ձեռք բերելու նոր ծանոթություններ, ծանոթանալու նոր մշակույթների հետ և ներկայացնելու սեփական համալսարանն ու սեփական երկրի մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս` ամենագեղեցիկ ֆրանսերենի միջոցով » ։

 

Նորայր Մնացականյան, Իրավագիտություն 3-րդ կուրս, զեկույցի թեման` « Համալսարանական ծրագրերն ու ուսանողների սպասումները »

 

_DSC8211.JPG (96 KB)

 

« Իմ գիտական հոդվածում ես անդրադարձել էի համալսարանական ծրագրերին և ուսանողների սպասելիքներին` փորձելով վեր հանել առկա խնդիրները և առաջարկել լուծումներ: Իմ կողմից բարձրաձայնված վերոհիշյալ խնդիրները մեծամասամբ առկա էին նաև մասնակից ուսանողների հայրենական կրթական համակարգերում, ուստի հոդվածս արժանացավ բուռն քննարկումների և դրան հաջորդող հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին հոդվածում առանձնացված դրույթները, ինչը միանշանակ արդյունավետ էր և հետաքրքիր թե՛ լսարանի, թե՛ հենց ինձ համար: Կարծում եմ, որ նմանատիպ փորձերը չափազանց կարևոր են երիտասարդ ուսանողների համար իրենց կրթության և ինքնակրթության ճանապարհին, ինչպես նաև հրաշալի հնարավորություն են ընձեռում ձեռք բերելու նոր գիտելիքներ, ծանոթություններ ու անմոռանալի հիշողություններ ուսանողական տարիներից: »

 

Արման Օսեյան, Մարքեթինգ 2-րդ կուրս, զեկույցի թեման` « Բարձրագույն կրթության բարեփոխումը Հայաստանում․ հաջողություններն ու անկումները »

 

_DSC8331.JPG (72 KB)

 

« Ինձ համար հաճելի էր մասնակցել նման գիտաժողովի, հատկապես, երբ այն տեղի էր ունենում հարևան երկրում, քանի որ դա հնարավորություն էր տալիս բացահայտել ոչ միայն Հայաստանում առկա խնդիրները, այլ նաև իմանալ տարածաշրջանում առկա խնդիրների մասին և միասին գտնել լուծումներ: Ծրագրի ընթացքում ձեռք բերեցի շատ ընկերներ, շատ գիտելիքներ, և, որ ամենակարևորն է, արժանի ձևով ներկայացրինք մեր երկիրն ու մշակույթը: »

 

 

_DSC8622.JPG (78 KB)     

 

_DSC8629.JPG (78 KB)

 

_DSC8632.JPG (71 KB)

 

_ZUR3306.JPG (100 KB)

 

_ZUR3330.JPG (70 KB)

 

_ZUR3418.JPG (136 KB)

 

Նկարները տրամադրվել են Իլիա պետական համալսարանի կողմից