« Կանայք, նորագույն տեխնոլոգիաները և ձեռներեցությունը », որո՞նք են Հայաստանի մարտահրավերները

07/03/2019

Մարտի 7-ին Հայաստանում Ֆրանիսայի դեսպանությունը  և ՀԲԸՄ-ն Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպել էին «Կանայք, նորագույն տեխնոլոգիաները և ձեռներեցությունը» խորագրով կոնֆերանս: Կոնֆերանսը հասցեագրված էր մասնավորապես մայրաքաղաքի ավագ դպրոցի աշակերտներին և   նպատակ ուներ ներկայացնելու  ձեռներեցության և գիտության ոլորտում նկատելի հաջողություններ գրանցած կանանց պատմությունները: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ Ժոնաթան Լաքոտը, ով խոսեց Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության և կրթության դերի մասին: «Իհարկե կանանց շահերից է բխում ձեռներեցության և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկվելը, բայց առաջին հերթին Հայաստանին է շահեկան կանանց ընդգրկել տվյալ ոլորտներում»: Դեսպանն ընդգծեց ՀՖՀՀ-ի դերն այս ոլորտում իր ավելի քան 80% ուսանողուհիներով:

Կոնֆերանսի ընթացքում ձեռներեց կանայք կիսվեցին հաջողության իրենց պատմությամբ, հանդիպած դժվարությունների և դրանք հաղթահարելու միջոցների մասին՝ նշելով, որ Հայաստանում դեռ շատ աշխատանք պետք է տարվի աշխատավայրում  կին-տղամարդ հավասարությանը հասնելու համար: Ինչպես նշեց "Golden Grape Armas" ընկերության գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը, խնդիրն առաջանում է ընտանիքից, երբ տարբերակվում է տղա-աղջիկ դաստիարակությունը. «Այստեղից է ծագում  սեռական խտրականությունը, և այդ պատճառով է, որ աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղության պատասխանատվությունն ընկնում է կանանց վրա»:

 «Վիկիմեդիա Հայաստան» հկ-ի գործադիր տնօրեն Գայանե Վարդանյանը կողմ է, որ տղամարդ-կին հավասարության թեման քննարկվի դեռևս դպրոցից. «Երիտասարդ տղաները հնարավորություն կունենան այս մասին մտածելու, իսկ աղջիկները՝ տեսնելու հաջողության հասած կանանց օրինակներ»:

Տեղեկատվության և հաղորդակցության նոր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հասարակական կազմակերպությունների և ավիացիայի ոլորտների տարբեր տարիքի կանանց շարքում էր նաև ՀՖՀՀ շրջանավարտ Մարիամ Թորոսյանը, որը ներկայացրեց մի ստարտափ, որի համահիմնադիրն էր:  Կատալայը ձեռնարկություն է, որը նպաստում է ստարտափների  աճի պրոցեսները ավտոմատացնելուն:

ՀՖՀՀ գլխավոր քարտուղար Բարբարա Գանդրիոն հաստատեց դեսպանի խոսքը՝ ընդգծելով ձեռներեցության ձիրքը, որը համալասարանը ցանկանում է զարգացնել երիտասարդների շրջանում. « Նույնիսկ եթե ձեռներեցությունը չի նշվում որպես համալսարանի առաջնահերթություններից, միևնույն է՝ այն առաջարկվող կրթության հիմքում է:  Մենք դասավանդում ենք մեթոդոլոգիա, տեխնիկա, բայց արժևորում ենք բաց գաղափարները, քննադատելու ունակությունը, նախաձեռնությունները, ինքն իրեն և ուրիշների համար մտածել կարողանալու հատկությունները»:

Կոնֆերանսը նաև լավ հնարավորություն էր երիտասարդ ուֆառականների համար ներկայացնել ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի օրինակով աղջիկների ներգրավվածությունը նորագույն տեխնոլոգիաներում, ինչպես նաև  ստարտափների և ուսանողական ձեռներեցության օրինակով վերջիններիս ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում: