Ձեռներեց ուֆառականներ (3): Մերի Սարգսյան. այսօր՝ ուղեկցել ստարտափերին, վաղը՝ ստեղծել սեփական ստարտափը

06/03/2019

Բանկային գործ և ապահովագրություն մասնագիտացմամբ բակալավրիատն ավարտելուց և Ֆրանսիայում ու Հայաստանում բազմաթիվ պրակտիկաներ անցնելուց հետո Մերի Սարգսյանն իր կոչումը գտավ ձեռներեցության բնագավառում. « Այս ոլորտում ինձ գրավում է գաղափարից դեպի ձեռնարկության ստեղծում, դեպի պրոդուկտ տանող գործընթացը: Ներկայիս աշխատանքիս մեջ ամենաշատն ինձ դուր է գալիս այս գործընթացն ուղեկցելն ու այդպիսով իմ երկրի տնտեսության զարգացմանը մասնակցելը »: Մերին նախագծի ղեկավար է StartDoon կոչվող կազմակերպությունում՝ ստարտափերի ինկուբատոր, որն առաջարկում է մենթորինգի, խորհրդատվության, ներդրումների և շուկայի հասանելիության ծառայություններ հայկական երիտասարդ ձեռնարկությունների համար: StartDoon-ը Ֆիլիպ Պուկսի նախաձեռնությունն է: Վերջինիս Մերին նկարագրում է որպես նորագույն տեխնոլոգիաների ոլորտի էնտուզիաստ և Հայաստանի լավ ընկեր ֆրանսիացի: « Բացահայտելով այս երկրի հարուստ ներուժը՝ Ֆիլիպը որոշեց ներդրում անել Հայաստանում և ուժեղացնել Ֆրանսիայի հետ կապերը ստարտափային մշակույթի բնագավառում », պատմում է Մերին: Ստարտափերի այս տան՝ Ստարտունի առանձնահատկությունը անհատական մոտեցումն է և Ֆրանսիայի ու Եվրոպայի հետ կապը. « Մենք չենք ֆիքսում ընդհանրական դասընթացներ կամ ծրագրեր բոլոր ստարտափերի համար, մենք ունենք առանձնահատուկ մոտեցում ձեռնարկության հանդեպ և մեր էքսպերտների դարանում ընտրում ենք նրանց համապատասխան ծառայությունը: Այնուհետև փորձում ենք գնահատել ստարտափի արտահանման հնարավորությունները դեպի ֆրանսիական և եվրոպական շուկա»:  

 

StartDoon-ը սկսել է իր գործունեությունը գրեթե մեկ տարի առաջ, թիմը մեծ չէ՝ հիմնադիր և գլխավոր տնօրեն Ֆիլիպ Պուկսը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, ով, ի դեպ, ևս ՀՖՀՀ-ի շրջանավարտ է՝ մարքեթինգի ֆակուլտետից, ստրատեգիական խորհրդական Արսեն Բաղդասարյանը և ինքը՝ Մերին: Բացի այդ, ՀՖՀՀ-ի 5 ուսանող այս տարի պրակտիկա են անցել ձեռնարկության մարքեթինգի և կառավարման բաժիններում: « Աշխատելով այնպիսի միջավայրում, որտեղ անընդհատ կապ կա երիտասարդ ձեռնարկությունների հետ՝ մեր պրակտիկանտների մոտ ևս հղացավ ստարտափ միտք, որը նրանք զարգացրին Արսենի օգնությամբ, իսկ այժմ շարունակում են աշխատել բիզնես պլանի վրա: Մենք ուշադրությամբ հետևում ենք այս նախաձեռնությանը », ուրախությամբ փաստում է Մերին (նախաձեռնության մասին ավելին իմանալու համար հետևեք մեր նորություններին):

 

Պրակտիկանտները միակը չեն, որ ցանկանում են ստարտափ ստեղծել . Մերին ևս վաղ թե ուշ մտադիր է մեկնարկել սեփական ձեռնարկությունը: Ձեռներեցության նկատմամբ այս հետաքրքրության արմատները գտնվում են ՀՖՀՀ-ում, իսկ StartDoon-ն ավելի է ուժեղացրել այն. « ՀՖՀՀ-ն ինձ սովորեցրել է չվախենալ մի քանի գործ միանգամից անելուց և համարձակություն ունենալ գաղափարներիս մասին բարձրաձայնելու: Առաջին կուրսից սկսած մեզ փորձել են փոխանցել ձեռներեցական մտածելակերպ: StartDoon-ում աշխատելն էլ ինձ օգնում է ճանաչել ձեռնարկության ստեղծման գաղտնիքները, տեսնել մեր բոլոր հաճախորդների օրինակն ու փորձը »:

 

Մերին հետագայում ցանկանում է սոցիալական ուղղվածությամբ ձեռնարկություն ստեղծել, քանի որ կարծում է, որ սոցիալական ձեռնարկատիրությունը, որն ինքը բացահայտել է Ֆրանսիայում, Հայաստանում դեռ բավականաչափ զարգացած չէ. « Ֆրանսերեն խոսելը և համալսարանում սովորելու տարիներին Ֆրանսիայի հետ շփում ունենալն ինձ թույլ է տվել ծանոթանալ ֆրանսիական մշակույթին, ուֆառականների համար դա մեծ հնարավորություն է: Ես բախտ ունեցա բացահայտելու սոցիալական  ձեռնարկատիրությունը և ֆրանսիական ստարտափ մշակույթը »: Ի դեպ, StartDoon-ը նախատեսում է ֆրանսիական ձեռնարկատիրության էկոհամակարգը ներմուծել Հայաստան՝ աշխատելով Հայաստանում French Tech համայնքի ստեղծման վրա՝ մի հանգույց, որտեղ համախմբվում են ստարտափերի հիմնադիրները, ներդրողները, աշխատողներն ու էկոհամակարգի այլ գործող անձինք: