Պրոֆ․ Բերտրան Վենարը՝ ՀՖՀՀ նորանշանակ ռեկտոր

25/09/2020

Պրոֆեսոր Բերտրան Վենարը Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) նորանշանակ ռեկտորն է և Հայաստանի Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի նախագահը:

Ստորև ներկայացնում ենք նորանշանակ ռեկտորի կրճատ մասնագիտական կենսագրությունը։

Մինչ ռեկտոր դառնալը պրոֆեսոր Վենարը դասավանդում էր Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա) և Աուդենսիա բիզնես դպրոցում (Ֆրանսիա): Նա ստացել է կառավարման դոկտորի աստիճան Փարիզի համալսարանից (Paris 9)՝ կատարելով իր հետազոտությունները պոլիտեխնիկական դպրոցի կառավարման հետազոտական կենտրոնում (Ֆրանսիա): Լինելով հիմնական հաստիքային դասախոս Փարիզի  համալսարանում (Paris 12)՝ ստացել է հետազոտական աշխատանքների ղեկավարման իրավունակություն (հետազոտության ղեկավարի և պրոֆեսորի հետդոկտորական դիպլոմ): Բացի այդ՝ Օքսֆորդի համալսարանի կողմից ստացել է բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման և ուսուցման 3-րդ ցիկլի դիպլոմ:

Մինչ ակադեմիական կարիերան սկսելը աշխատել է ֆինանսական ոլորտում և իրականացրել խորհրդատվության PwC-ի համար: Այնուհետև զբաղեցրել է տարբեր վարչական պաշտոններ բարձրագույն կրթության բնագավառում, ինչպես օրինակ՝ բիզնես դպրոցի հետազոտությունների գծով տնօրեն, հոգաբարձուների խորհրդի անդամ և տնօրեն: Իննսունականներին Հո Չի Մին քաղաքում հիմնել է CFVG դպրոցը, որն այժմ Վիետնամի առաջատար բիզնես դպրոցներից է: Եղել է հրավիրյալ դասախոս Wharton-ի բիզնես դպրոցում (Փենսիլվանիայի համալսարան), IESE-ում (Իսպանիա), Լոնդոնի բիզնես դպրոցում և Քեմբրիջի համալսարանում:

Իր հետազոտությունների համար նրան շնորհվել է Սլոանի կրթաթոշակ (ԱՄՆ), Բարձրագույն կրթության ակադեմիայի հիմնական կրթաթոշակ (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև հեղինակավոր Marie Skłodowska-Curie կրթաթոշակ (Եվրոպական միություն)՝ երկու անգամ: 2002 թվականից պրոֆեսոր Բերտրան Վենարի անունը նշվում է « Who’s Who in the World » հանրագիտարանների շարքում, որտեղ ներկայացվում են աշխարհի ամենաազդեցիկ անհատները: 2008-ին Ֆրանսիայի կրթության նախարարությունը նրան շնորհել է « Ակադեմիական դափնիների » ասպետի շքանշան, որը համալսարանականներին տրվող Ֆրանսիայի ասպետության շքանշան է: Նրա հետազոտական աշխատանքները վերաբերում են տնտեսական կեղծիքներին, կիբերանվտանգությանը, կոռուպցիային, հատկապես զարգացող երկրներում: Պրոֆեսոր Վենարը ղեկավարել է կոռուպցիայի մասին նախագծեր Բութանի կառավարության համար, կոռուպցիայի դեմ պայքարի մասին նախագծեր Մակ-ին կից PRME (Պատասխանատու կառավարման ուսուցման սկզբունքներ), Global Compact -ի համար, ինչպես նաև եվրոպական հետազոտություն կիբերանվտանգության թեմայով։ Հրատարակել է ավելի քան 50 գիտական հոդված: Նա անդամ է բազմաթիվ ակադեմիական և մասնագիտական ասոցիացիաների, ինչպիսիք են Կառավարման ակադեմիան / Academy of Management (AOM), Բիզնես էթիկայի ընկերությունը / Society for Business Ethics (SBE), EGOS-ը (կազմակերպչական կրթության եվրոպական խումբ / European Group for Organizational Studies )։