Success story : ՍտարտԴունի տնօրեն և RINArmenia նախագծի ղեկավար Հայկ Մնացականյանի հաջողության պատմությունը

11/09/2019

Հայկ Մնացականյանը Ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետի շրջանավարտ է։ Նա այժմ ՍտարտԴուն ստարտափերի ինկուբատորի տնօրենն է, որի մասին մենք արդեն խոսել ենք մեր հոդվածներից մեկում։ Հայկը նաև ղեկավարում է նորաստեղծ մի հիմնադրամ, որը նպատակ ունի զարգացնելու RINA կոչվող տեխնոլոգիան (Recursive Internetwork Architecture) Հայաստանում։ Այս տեխնոլոգիան ենթադրում է՝ փոխել մեր ճանաչած ինտերնետի ճարտարապետությունը՝ այն դարձնելով ավելի արագ, հզոր, և որ ամենակարևորն է՝ ավելի անվտանգ:

 

Մենք հանդիպել ենք Հայկին՝ մի քանի հարցի միջոցով բացահայտելու նրա անցած ճանապարհն ու հաջողության պատմությունը։

 

  1. Մասնագիտական ի՞նչ սպասումներ ունեիք Ձեր դիպլոմը ստանալիս։

 

Ինձ համար ամենակարևորը կապը պահելն էր երկու երկրների՝ Հայաստանի և Ֆրանսիայի հետ։

Սպասումները շատ բանից էին կախված։ Իրականում բավականին հետաքրքիր է իմ մասնագիտական գործունեության զարգացումը, քանի որ համալսարանում սովորելու տարիներին արդեն իսկ գտել էի աշխատանք ինֆորմատիկայի բնագավառում, ինչը, անկեղծ ասած, բավականին անսպասելի էր, քանի որ ես ավելի շատ ինձ տեսնում էի թատրոնի, կինոյի և արվեստի բնագավառում: Ամեն ինչ սկսվեց  Ֆիլիպ Պու անունով մի մարդու հետ հանդիպումով․ նա ինձ առաջարկեց աշխատել որպես նախագծի ղեկավար ՏՏ ոլորտում և փնտրել միջոց Հայաստանում ստարտափ ինկուբատոր ստեղծելու համար, որի միջոցով ուղիղ կապ կհաստատվեր Ֆրանսիայի հետ և ստարտափերը կկարողանային զարգանալ Հայաստանում և մուտք ունենալ նաև ֆրանսիական շուկա:

Այս ամենը բոլորովին չէր համապատասխանում իմ սպասումներին ու նախագծերին: Սակայն պարոն Պուի հետ 6 ամիս աշխատելուց հետո հասկացա, որ շատ եմ սիրում այն, ինչ անում եմ՝ բացահայտել խնդիրները և գտնել երկարաժամկետ լուծումներ, որոնք թույլ կտան զարգացնել տնտեսությունն ու տեխնոլոգիական ոլորտը:

 

 

  1. Արդյոք Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ լինելը Ձեզ օգնել է աշխատանք գտնելու հարցում:

 

Այո, իհարկե, քանի որ թույլ է տվել կապ պահել Հայաստանի ֆրանսախոս համայնքի հետ և տնտեսագիտության, բիզնեսի, մասնավորապես՝ մարքեթինգի ոլորտի փորձառություն ձեռք բերել, քանի որ հենց այդ ֆակուլտետում եմ սովորել: Համալսարանն ինձ օգնեց նաև ֆրանսիական հանրության հետ երկարաժամկետ կապ հաստատել։ Այսօրվա ունեցածս կապերի մի մասը ձեռք եմ բերել շնորհիվ համալսարանի, քանի որ այժմ լավ ֆրանսախոս կադր գտնելու համար աշխատատուները հենց մեր համալսարանին են դիմում։

 

  1. Ի՞նչ կապ եք պահել համալսարանի և ֆրանկոֆոնիայի հետ։

 

Համալսարանի հետ շարունակում ենք մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես՝ ընդգրկեցինք ՈՒՖԱՌ-ի ուսանողներին ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի կազմակերպման գործում, որոշ ուսանողների պրակտիկայի ընդունեցինք ՍտարԴունում՝ այդպիսով ընդլայնելով մեր ցանցը և ունենալ պոտենցիալ կադրեր, ովքեր ուսումն ավարտում են և կարող են մեզ մի շարք նոր գաղափարներ բերել։ Ունենք նաև երկարաժամկետ ծրագրեր, օրինակ՝ անմիջապես համալսարանի հետ գործող ստարտափ աքսելերատոր և ինկուբատոր, համագործակցություն RINArmenia-ի շրջանակներում: Համագործակցությունը շատ բարձր եմ գնահատում և վստահ եմ, որ երկար տարիներ կշարունակվի:

 

Հայկը համալսարանի հունիսի 12-ի գալա ընթրիքին

Urfa-346.jpg (142 KB)