Սերժ Ռուշանյանի հաջողության պատմությունը․ ՀՖՀՀ-ից մինչև Քեմբրիջ

04/11/2019

Սերժ Ռուշանյանը ՀՖՀՀ-ի իրավաբանական ֆակուլտետի 2018թ․-ի շրջանավարտ է, ով այս տարի ընդունվել է Քեմբրիջի համալսարան։

Մենք զրուցել ենք Սերժի հետ իր հաջողության գաղտնիքների և մասնագիտական ծրագրերի մասին։ 

Ստորև՝ հարցազրույցը։

 

- Ինչպե՞ս որոշեցիք ընտրել իրավաբանությունը: Արդյոք միշտ գիտեիք, որ այդ ուղղությամբ պետք է կարիերա ստեղծեք:


Իրավաբանությունը որպես մասնագիտություն ընտրելն ուղղակիորեն կապված է եղել իմ արժեհամակարգի և ունեցած գաղափարների հետ։ Գաղափարներ, ինչպիսիք են` թույլի կողքին կանգնելը, արդարության վերականգնումը, հանցավորության դեմ պայքարը, մեծ դեր են խաղացել իմ անձի կազմավորման մեջ։ Իրավաբանությունն էլ կարող էր հանդիսանալ այն արդյունավետ միջոցը, որով հնարավոր կլիներ կյանքի կոչել վերջիններս։

- Արդյոք եղել են դեպքեր, որ հիասթափություն ապրեք, բայց շարունակեք և հասնեք Ձեր նպատակին:


Հիասթափություն բառն ինձ համար ոչ համարժեք մեկ այլ իմաստ ունի՝ մարտահրավեր։ Հիասթափության դեպքում ենթադրելի է ոտքի չկանգնելու հնարավորությունը, իսկ ահա մարտահրավերի դեպքում ոտքի չկանգնելու հնարավորություն չկա, ցանկացած մարտահրավերի ձախողումը նոր մարտահրավերի սկիզբ է։ Պետք է նշեմ նաև, որ մարտահրավերներն ամենուր են, երբ չես ցանկանում ընտրել ուղի, որը շատերն արդեն անցել են:

- Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:


Կցանկանամ առանձնացնել երկու հատկանիշ, որոնք առանցքային են եղել։ Ես չեմ վախեցել երազանքները դարձնել նպատակ։ Շատերը չեն փորձում դա անել, որովհետև վախենում են հնարավոր ձախողումից և դրանից հետո հնարավոր սեփական անձի նկատմամբ ունեցած թերարժեքության զգացումից։ Սակայն ինչպես նախորդ հարցին պատասխանելիս էի նշել, ցանկացած ձախողում նոր մարտահրավերի սկիզբ է, և պետք չէ վախենալ։ Երկրորդ հատկանիշը, որն ինձ շատ է օգնել, դա չշտապելն է։ Պետք է չվազել , այլ փոքր քայլերով գնալ դեպի նպատակը։


- Ի՞նչ է տվել Ձեզ ֆրանսիական համալսարանը:


Ֆրանսիական համալսարանի դերը էական է եղել իմ ցանկացած հաջողության մեջ։ Նախ՝ մասնագիտական հենք, ես այստեղ՝ Քեմբրիջի համալսարանում, առանց մի վայրկյան վարանելու կարող եմ ցանկացած իրավական քննարկում սկսել իմ դասախոսների հետ՝ չվախենալով, որ հնարավոր է ինչ-որ ասպեկտում գիտելիքս չբավարարի, իսկ դա իմ առաջին համալսարանի, ունեցածս փայլուն դասախոսական անձնակազմի շնորհիվ է, որոնց շարքերը պատրաստվում եմ համալրել ինքս։ Պետք է նշեմ նաև, որ համալսարանը հնարավորություն տվեց գտնել կյանքի ընկերներ, ովքեր ինձ համար ավելի բարձր տեղ են գրավում, քան ցանկացած մասնագիտական ձեռբերում։


- Ցանկանում եք ապագայում որպես դատախազ աշխատել, ինչու՞:


Դատախազ աշխատելը իմ մասնագիտական գործունեություններիցս մեկը պետք է լինի։ Ինձ համար հանցավորության դեմ պայքարի առանցքային դերակատարը հենց դատախազն է։ Դատախազ աշխատելը հանցավորության դեմ պայքարի ճանապարհին ինձ կտա հնարավորություն կանգնել թույլի կողքին, ներդրում ունենալ սոցիալական արդարության վերականգնման գործում։ Հենց Հայաստանում տիրող վատ բարքերի զտումը իմ գերնպատակն է: Ես ապագաս տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում, իսկ ինձ հաջորդող սերունդերը պետք է լինեն ավելի բարձր արժեքներով հասարակության անդամ։


- Կարևորու՞մ եք Ձեր ստացած գիտելիքի փոխանցումը հայ ուսանողներին:


Իմ մասնագիտական գործունեության հաջորդ ուղղությունը ակադեմիական աշխատանքն է։ Վերջինս իրենից ենթադրում է նախ՝ դասախոսական գործունեություն. միանշանակ դասախոսելու եմ Հայաստանի տարբեր համալսարաններում։ Հեռահար նպատակներ ունեմ նաև որոշ ծրագրեր մշակել դպրոցականների համար, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում դասախոսները հետաքրքրված չեն դպրոցներում կրթական ծրագրեր իրականացնելով, իսկ կրթությունը առանցքային միջոց է անձի արժեհամակարգի ձևավորման համար։ Իսկ անձնային արժեքները, ըստ էության, ձևավորվում են վաղ տարիքից։
Ակադեմիական գործունեություն ասելով՝ ես նկատի ունեմ նաև գիտական աշխատությունները՝ գրքեր, գիտական հոդվածներ, որոնցով փորձելու եմ լուծումներ առաջարկել Հայաստանի Հանրապետության՝ դեռևս զարգացման ճանապարհին գտնվող իրավական համակարգի խնդիրներին։



- Պատմե՛ք մի փոքր Ձեր “Արդարադատություն և Իրավունքի Գերակայություն” հասարակական կազմակերպության նախաձեռնության մասին:


Վերջինս ևս իմ մասնագիտական գործունեության ուղղություններից մեկն է։ “Արդարադատություն և Իրավունքի Գերակայություն” իրավապաշտպան կազմակերպության միջոցով մենք փորձում ենք հասարակությանը տեղեկացնել իրենց իրավունքների մասին, ներկայացնել հնարավոր իրավական պաշտպանության մեխանիզմները հնարավոր խախտումների դեպքում։ Մեր պաշտոնական կայքի միջոցով ( j-rl.com ) մարդիկ հնարավորություն ունեն ստանալու անանուն խորհրդատվություն իրենց հետաքրքրող իրավական խնդիրների վերաբերյալ բացառապես անվճար։


- Իրավունքի ո՞ր ոլորտն եք ընտրել Քեմբրիջում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք Քեմբրիջի համալսարանից:


Ընդհանուր առմամբ Քեմբրիջի համալսարանը հնարավորությունների անսպառ աղբյուր է։ Այստեղ ի թիվս այլ մասնագիտական առարկաների իմ հետաքրքրության շրջանակներում է միջազգային մարդու իրավունքներ առարկան։ Այս առարկայի շրջանակներում ստացածս գիտելիքը ինձ թույլ կտա բալանսավորել դատախազական գործունեությունս։
Քեմբրիջում սովորելը ինձ հնարավորություն է ընձեռելու նաև ուսումնասիրել դարերի զարգացման ճանապարհ անցած Մեծ Բրիտանիայի իրավական համակարգը, որը կարող է շատ իրավական խնդիրների լուծումներ տալ Հայաստանի Հանրապետությունում։
Ինձ համար կարևոր է նաև ուսումնասիրել Քեմբրիջի համալսարանում առկա կրթական համակարգը, դասավանդման մեթոդները, այն գրականությունները, որոնց վրա կենտրոնանում է համալսարանը, վերջիններս հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությունում իմպլեմենտացնել այստեղի փորձը։