ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Հասմիկ Մովսեսյանի (2019) հաջողության պատմությունը

21/04/2021

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

 

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Հասմիկ Մովսեսյան | ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի 2017թ․ և  մագիստրատուրայի 2019թ. շրջանավարտ | «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ՍՊԸ-ում ավագ իրավախորհրդատու | Երևան, Հայաստան:  

 

Ո՞րն է ֆրանսիական համալսարանի դերը աշխատաշուկայում Ձեր տեղն ու դերը գտնելու հարցում։

 

Այսօրվա աշխարհում և հատկապես աշխատաշուկայում միայն տեսական գիտելիքները բավարար չեն հաջողության հասնելու համար։ Այս կապակցությամբ չեմ կարող չառանձնացնել Ֆրանսիական համալսարանի մոտեցումը կրթական պրոցեսին և առհասարակ կրթության որակին։ Ֆրանսիական համալսարանը միշտ կարևորել է տեսական գիտելիքների փոխանցումը իր ուսանողներին, սակայն, ի տարբերություն շատ ու շատ ուսումնական հաստատությունների, այստեղ առաջնային տեղ է զբաղեցրել նաև պրակտիկ կրթությունը, գործնականը։ Այստեղ ուսանողին տալիս են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև, ինչն ավելի կարևոր է, սովորեցնում են ինչպես և որտեղ դրանք կիրառել։

Արդյունքում, ես վստահաբար կարող եմ ասել, որ ֆրանսիական համալսարանի կրթության նկատմամբ ունեցած մոտեցման շնորհիվ հայաստանյան աշխատաշուկայում իմ տեղը գտնելը բավականին հեշտ դարձավ, քանի որ ես ունեի մեծ առավելություն․ ես գիտեի ոչ միայն «ինչ» կիրառել, այլ նաև «ինչպես» այն կիրառել։

 

Ինչքանո՞վ են կիրառելի Ձեր ստացած գիտելիքները աշխատանքային միջավայրում։

 

Ֆրանսիական համալսարանում մենք ուսումնասիրում ենք ոչ միայն ազգային օրենսդրություն, այլև ֆրանսիական և եվրոպական, ինչը զգալի առավելություն է տալիս աշխատանքային միջավայրում։ Բացի այդ, այստեղ քայլում են ժամանակի հետ և մասնագիտական գիտելիքներն էլ փոխանցում են ըստ տվյալ ժամանակաշրջանի պահանջարկի։ Թե՛ համալսարանի ուսումնական պլանը, թե՛ պրոֆեսորա-դասախոսական կազմը կարծրացած չեն և շատ արագ կարողանում են ադապտացվել շուկայի պահանջարկին։ Բերեմ մի օրինակ․ այսօր աշխարհում մեծ զարգացում է ապրում արբիտրաժային իրավունքը և արբիտրաժը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմ։ Ավելին, Հայաստանում այն ճանաչվել է որպես գերակա ոլորտ, որը կարիք ունի զարգացման։ Հետևաբար, ներկայիս աշխատանքային միջավայրը պահանջում է իրավաբաններից լինել քաջատեղյակ արբիտրաժին և ոլորտի խնդիրներին։ Ուրախությամբ  կարող եմ նշել, որ Ֆրանսիական համալսարանը Հայաստանում այն քիչ բուհերից է, որն ունի առանձին դասընթաց արբիտրաժային իրավունքի մասին և ուսանողներին փոխանցում է այն անհրաժեշտ գիտելիքների պաշարը, որն անհրաժեշտ է ներկայիս մարտահրավերներին դիմակայելու և աշխատանքային միջավայրում մրցունակ լինելու համար։

 

Համարու՞մ եք արդյոք աշխատանքային հաջողությունները միայն անձնական նպատակասլացության և աշխատասիրության արդյունք։

 

Անկեղծ լինելու համար կնշեմ, որ անձնական նպատակասլացությունը և աշխատասիրությունը յուրաքանչյուր մասնագետի հաջողության գրավականն են։ Իմ կարծիքով՝ անգամ ամենաթույլ մասնագետն էլ կարող է սեփական աշխատասիրության շնորհիվ հասնել մեծ նվաճումների։ Սակայն չեմ կարող չնշել նաև ճիշտ, ժամանակին և թիրախավորված ուղղորդման (mentoring) կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու հարցում։ Ֆրանսիական համալսարանի իմ դասախոսների մեծ մասը եղել են այն մենթորները, ովքեր ձևավորել են իմ մեջ սերն ու կիրքը իմ մասնագիտության նկատմամբ։ Հաճախ իմ դասախոսներից և ղեկավարներից ստացած դրական էներգիան, նրանց մարդկային հատկանիշները, արժեքները և արժեհամակարգը շատ ավելի մեծ ներդրում են ունեցել մինչ օրս գրանցած իմ հաջողություններում, քան սոսկ դասագրքային գիտելիքները։

 

Որո՞նք են միջպետական համալսարանի շրջանավարտի առավելությունները, եթե կան այդպիսիք։

 

Կարծում եմ բոլոր շրջանավարտներն էլ կհամաձայնեն, որ աշխատաշուկայում մեծ առավելություն է լինել միջպետական բուհի շրջանավարտ։ Եթե իրավաբանական ֆակուլտետի մասով ասեմ, ապա այն քեզ հնարավորություն է տալիս առավել լայն շրջանակի իրավական հարցերի անդրադառնալ, չլինել սահմանափակ և կարծրացած միայն քո ազգային օրենսդրության շրջանակներում։ Մյուս կողմից էլ ֆրանկոֆոն լինելն է․ այսօր իրավաբանների մի մեծ մաս տիրապետում է ռուսերենին և անգլերենին՝ որպես օտար լեզու, և շատ հաճախ այդ լեզուներին տիրապետելը այլևս չի դիտվում որպես առավելություն։ Մինչդեռ, երբ տիրապետում ես ևս մեկ աշխատանքային լեզվի, որն աշխարհում ունի մեծ կիրառելիություն, արդեն առավելություն ես ստանում։

 

Ուսումնառությունը ՀՖՀՀ-ում նպաստե՞լ է արդյոք առաջնորդության ջիղի զարգացմանը։

 

Լավ իրավաբան լինելու համար, կարծում եմ, պարտադիր է ուժեղ առաջնորդ լինելը։ Կարող եմ ասել, որ Ֆրանսիական համալսարանը նպաստել է թիմային խաղացող դառնալուս։ Պրակտիկ դասընթացների, կազմակերպված բազում դատախաղ-մրցույթների ժամանակ հասկանում ես, թե ինչքան բան է կախված թիմից, և որքան կարևոր է մի պահ սեփական նպատակներն ու էգոն դնել մի կողմ և աշխատել ու գործել ի շահ թիմի և թիմի հետ համընթաց։

 

Օտար լեզուների իմացությունը ավելի լայն հնարավորությունների գրավակա՞ն է արդյոք։

 

Միանշանակ։ Ինչպես նախորդ հարցերից մեկում նշեցի, գլոբալիզացման ներկա աշխարհում անհնար է մրցունակ լինել առանց օտար լեզուների իմացության։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ ՀՖՀՀ-ն ոչ միայն դարձնում է մեզ ֆրանկոֆոն, այլև հավասարաչափ դասավանդում է մասնագիտական անգլերեն ու ռուսերեն։ Իրավաբանի զենքը նրա խոսքն է ու լեզուն, իսկ ՀՖՀՀ-ն հնարավորություն է տալիս այդ զենքն օգտագործել հավասարաչափ թե՛ հայերենում, թե՛ անգլերենում, թե՛ ռուսերենում և թե՛ ֆրանսերենում։

Համալսարանը կազմակերպում է նաև իսպաներենի և գերմաներենի ֆակուլտատի դասընթացներ։ Թեև աշխատանքային լեզու դրանք մեծ մասիս համար չեն դառնում, սակայն ինքս իսպաներենի խմբի մասնակից եմ եղել և կարող եմ վստահաբար ասել, որ համալսարանում ստացածս գիտելիքի շնորհիվ այսօր ես առանց որևէ խոչընդոտի կարդում եմ իսպաներեն գրքեր, դիտում ֆիլմեր։

 

Մասնագիտական պրակտիկան իր նպաստն ունեցե՞լ է արդյոք Ձեր աշխատանքի տեղավորման հարցում։

 

Ես մասնագիտական պրակտիկաս անցել եմ Ֆրանսիայում, Փարիզ քաղաքում։ Այս մասով պետք է նշեմ, որ առաջին գործատուս չի եղել մասնագիտական պրակտիկայիս վայրը, ինչը շատ հաճախ տեղի է ունենում ՀՖՀՀ-ի շրջանավարտների դեպքում։ Սակայն, պետք է անկեղծանամ և նշեմ, որ աշխատանքի անցնելիս գործատուի մոտ միշտ էլ դրական տպավորություն է ստեղծվում, երբ իմանում են, որ 2 ամիս շարունակ աշխատել և փորձ ես ձեռք բերել այլ երկրում, միջազգային մասնագիտական փորձ ունես։ Հետևաբար, այո, մասնագիտական պրակտիկաս, թեև անուղղակիորեն, բայց իր նպաստն ունեցել է աշխատանքի տեղավորման հարցում։

 

Ի՞նչ խորհուրդ կտաք համալսարանի ներկայիս ուսանողներին և դիմորդներին։

 

Անդադար և քրտնաջան աշխատել, երբեք չհուսահատվել ու ամենակարևորը՝ չբողոքել։ Ուսումնառության տարիները պետք է լինեն բարդ, ծանր ու երբեմն անհաղթահարելի թվան։ Հենց դա է հետագայում ձեզ կոփելու ու պատրաստելու իրական աշխարհի մարտահրավերներին։ Մի՛ կարծեք, որ քննություններն ու համալսարանական կյանքն ամենադժվարին բանն է լինելու ձեր կյանքում և վայելե՛ք այդ տարիները, քանի որ դրանք երբեք չեն կրկնվի։

 

Ձեր գործունեությամբ, որքանո՞վ եք նպաստում հայրենական տնտեսության կամ Ձեր գործունեության ոլորտի զարգացմանը Ինչու՞ եք ընտրել հենց այս մասնագիտությունը։

 

Ներկայումս աշխատում եմ որպես իրավախորհրդատու իրավաբանական գրասենյակում և աշխատանքի բերումով սպասարկում եմ մի շարք ներդրողների՝ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան, ում աջակցում ենք բիզնես սկսել Հայաստանում և դրանով նպաստել տնտեսության զարգացմանը։ Բացի աշխատանքիս հիմնական ուղղությունից նաև հետաքրքրված եմ արբիտրաժային իրավունքով և Հայաստանում արբիտրաժի զարգացմամբ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանը նույնպես քարտեզի վրա ճանաչվի որպես նպատակահարմար և գրավիչ արբիտրաժի վայր։ Այս կապակցությամբ պարբերաբար ներգրավվում եմ արբիտրաժի ոլորտի տարբեր ուսումնասիրություններ իրականացնող աշխատանքային խմբերում և քննարկումներում։

 

Ինչու՞ եք ընտրել հենց այս մասնագիտությունը։

 

Կդժվարանամ մեկ հստակ պատճառ նշել իրավաբան դառնալուս համար։ Դեռ շատ վաղ տարիքից սիրել եմ պաշտպանի դեր ստանձնել տարբեր իրավիճակներում։ Ինձ միշտ պատասխանատու եմ զգացել հաստատել արդարություն, հավասարություն, ապահովել հավասակշռություն բախվող շահերի միջև։ Այլ անձանց շահերը ներկայացնելը միշտ գրավել է ինձ, հատկապես, երբ նման ներկայացուցչության մեջ տեսել եմ արդարության և հավասարության վերականգման հնարավորություն։

 

3 բառով նկարագրեք հաջողակ մարդուն։

 

Ինքնավստահ, կշռադատված և միշտ ավելիին ձգտող։

 

Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը։

 

  • Նախևառաջ՝ համառությունը։ Բնույթով այնպիսին եմ, որ չեմ սիրում պարտվել և համառորեն չեմ հանձնվում անգամ անհնարին թվացող իրավիճակներում։ Հավատացած եմ, որ մեծ ցանկության և կանոնակարգված քայլերի առկայության դեպքում միշտ կարելի է հասնել նպատակին։
  • Ինքնավստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Կարծում եմ, կյանքում ոչ ոք և ոչ մի բան չպետք է ազդի անձի ինքնավստահության և ինքնագնահատականի վրա։ Շրջապատում մեզ ընկալում են այնպիսին, ինչպիսին մենք ենք մեզ տեսնում։ Հետևաբար, շատ կարևոր է նախևառաջ վստահ լինել սեփական ուժերիդ, որպեսզի ուրիշներին էլ վստահություն ներշնչես։
  • Անկեղծությունը և սեփական կարծիքի առկայությունը։ Երկուսն էլ դժվար են, սակայն ոչ անհնար։ Մարդիկ սովոր չեն երիտասարդ կանանցից լսել սեփական կարծիք, որը հիմնավորված է և կշռադատված։ Երբեք պետք չէ վախենալ սեփական կարծիքն ունենալուց և այն անկեղծորեն արտահայտելուց։ Հատկապես իրավաբանի համար շատ կարևոր է ունենալ ցանկացած երևույթի, արարքի և իրողության վերաբերյալ սեփական պատկերացումները և կարծիքը՝ աշխատանքն առավել արդյունավետ և ճիշտ կազմակերպելու համար։

 

Ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը։

 

Երևի թե կառանձնացնեմ իմ ու իմ սիրելիների բարեկեցությունն ապահովելու, ինքս իմ հետ ներդաշնակ լինելու և նպատակներս արդեն իրագործված տեսնելու ձգտումը։