ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ Անի Չակարյան-Բաշելյեի (2007) հաջողության պատմությունը

16/02/2021

Հայաստանում ֆրանսիական համալսարանն իր 20-ամյակի կապակցությամբ սկսում է « ՈՒՖԱՌ-ի շրջանավարտ․ հաջողության պատմություններ » հարցազրույցների շարք 15 տարիների (2005-2019) շրջանավարտների հետ։ Համալսարանի համար լավագույն երախտիքի խոսքը շրջանավարտի հաջողությունն է։

 

Կարդացե՛ք հարցազրույցները 2 լեզվով ufar.am և don-ufar.com կայքերում։

 

Անի Չակարյան-Բաշելյե | ՀՖՀՀ Կառավարման ֆակուլտետի բակալավրիատի և Ֆինանսների և վերահսկողության մագիստրատուրայի 2007թ. -ի շրջանավարտ | 2013-2015 թթ.  HWR Berlin (Berlin school of Economics and Law)-ի Հաշվապահության և վերահսկողության մագիստրոս | Notus energy Plan GmbH, ֆինանսական վերահսկող | Բեռլին, Գերմանիա:  

 

Ո՞րն է ֆրանսիական համալսարանի դերը աշխատաշուկայում Ձեր տեղն ու դերը գտնելու հարցում:

 

ՀՖՀՀ-ի դերը մեծ է իմ մասնագիտական կարիերայում, քանի որ համալսարանն ինձ տվել է պրակտիկ գիտելիք, մինչդեռ այլ համալսարաններում այդ հնարավորությունը սահմանափակ է, և դրանք հաճախ կենտրոնանում են տեսության վրա:

Ֆրանսիական համալսարանն ինձ հնարավորություն ընձեռեց երիտասարդ տարիքում պրակտիկա անցնել միջազգային խոշոր ընկերությունում, որի ընթացքում կարևոր պարտականություններ էի ստանձնում:  Այդ պրակտիկայի ավարտին կնքեցի աշխատանքային պայմանագիր միևնույն կազմակերպության հետ, որտեղ աշխատեցի իմ մասնագիտական կարիերայի առաջին 6 տարվա ընթացքում:(GRANT THORNTON)

Այդ փորձը մինչև այսօր իմ կարիերայում կարևորագույնն է:

 

Միջազգային, թե՞ հայկական միջավայրում եք աշխատում:

 

2013թ. -ից ապրում եմ Բեռլինում: Աշխատում եմ գերմանական ընկերությունում, որը մասնագիտացած է վերականգնվող էներգիայի օգտագործման մեջ: Ես աշխատում եմ միջազգային բաժնում, որտեղ մենք իրագործում ենք նախագծեր Եվրոպայում, Լատինական և Կենտրոնական Ամերիկայում:

 

Օտար լեզուների իմացությունը ավելի լայն հնարավորությունների գրավական է արդյոք:

 

Լեզուների իմացությունը անկասկած անձնական և մասնագիտական հաջողության գրավական է: Կազմակերպությունում, որտեղ աշխատում եմ, բնականաբար օգտագործում ենք գերմաներենը, սակայն մեր բաժնում դոմինանտ լեզուն է անգլերենը: Այնուամենայնիվ ռուսերենի ու ֆրանսերենի իմացությունը լրացուցիչ առավելություն է ինձ համար:

Ֆրանսերենի իմացությունը միջազգային մակարդակում շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս մուտք գործել զարգացող շուկաներ այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք համալսարանի ներկայիս ուսանողներին և դիմորդներին:

 

Սովորեք հնարավորինս շատ լեզուներ: Ընտրեք այն ոլորտը, որը Ձեզ գրավում է, որպեսզի կյանքում ունենաք թե՛ անձնական, թե՛ մասնագիտական աճ: Մի՛ խուսափեք Ձեր գործատուից ավելի շատ պատասխանատվություն պահանջելուց Ձեր մասնագիտական փորձը լրացնելու/բարելավելու նպատակով: